Ո՞ր «հանճարեղ ռազմագետն» է քառասունչորսօրյա պատերազմից հետո ՊԲ զորամաս տեղաբաշխել ավտոճանապարհի հարեւանությամբ, որտեղով շաբաթը երկու-երեք անգամ թշնամու զինվորական շարասյուներ են անցնում դեպի Քելբաջար։
Ոչ մեկի մտքով չի՞ անցել, որ այդ մեքենաների ղեկին կամ վարորդի կողքին նստած են Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ, եւ ամբողջ ճանապարհը տեսախցիկներով «սանրվում է»։ Հենց այդ զորամասի բաց հրապարակում է թշնամու ԱԹՍ-ն խոցել սպառազինություններով եւ ռազմամթերքով բեռնված ավտոմեքենա։ Հենց այդ «ռազմագիտական հանճարեղությունն» է երկու զինծառայողի զոհվելու, մոտ երկու տասնյակի վիրավորվելու պատճառ դարձել։
Ոչ ավելի, քան տասը կիլոմետր հեռավորության վրա Սարսանգի ամբարտակն է, որտեղ օգոստոսի 22-ին Արցախի եւ Ադրբեջանի ջրային տնտեսությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումն է https://www.facebook.com/watch/?v=1013775435967783 տեղի ունեցել։
Սա արդեն պաշտոնական տեղեկատվություն է, հաստատում, որ նման շփումներ սկսվել են դեռեւս 2021 թվականի մարտին։ Վաղը մեկ այլ առիթով նման հայտարարություն, համոզված եմ, անելու է «Արցախէներգոն»։ Նաեւ՝ «Արցախգազը»։ Եվ այստեղ արտառոց ոչինչ չկա։ Կյանքն է պայմաններ թելադրում։
Եթե կա 100-120 հազար մարդու խմելու եւ ոռոգման ջրով, գազով, էլեկտրականությամբ, հեռախոսային եւ համացանցի կապով ապահովելու խնդիր, իսկ ենթակառուցվածքների մի մասը թշնամական վերահսկողության տակ են, ապա գործնական հարաբերությունները պարտադիր են, անխուսափելի։ Ինչպես որ հրամայական է, որպեսզի շփման գծի կողմերը ռուս խաղաղապահների միջնորդությամբ հանդիպեն, քննարկեն հրադադարի պահպանման կամ դիրքային «ճշգրտումների» վերաբերյալ հարցերը։
Բայց ինչո՞ւ այդ մասին չի ասվել, երբ սկսվել են առաջին շփումները։ Ինչո՞ւ այս կամ այն իրադարձության մասին լուրը նախ Բաքուն է տարածում, ապա՝ հայաստանյան մամուլը, իսկ երբ թեման ստանում է հանրային շա՜տ բարձր հնչեղություն (ընդհուպ մինչեւ իշխանությանը կամ նրա առաձին ներկայացուցչի դավաճանության համար մեղադրանքը), Արցախի պատկան մարմինները վերջապես հարկ են համարում հաստատել փաստը՝ ակնհայտորեն կշտամբելով մարդկանց։
Իբր՝ «ի՞նչ եք ուզում, ամեն ինչ ձեզ համար է արվում»։ Այնպես են դժգոհում, ասես հարյուր-հարյուր քսան հազար արցախցիները հենց միայն դա են երազել՝ որ կենցաղային խնդիրներում Ադրբեջանից կախված լինեն, բայց ունենան «հերոս» իշխանություն, որը կարողանում է ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով Ստեփանակերտը չմատնել հոսանքազրկման կամ ջրատոչոր կեցության։
Ավելի նողկալի է, երբ իշխանությունը մի «ձեռքով» բանակցում է Ադրբեջանի հետ, մյուսով առավոտյան, կեսօրին եւ երեկոյան քարոզում, որ «թուրքը մեր արյանն է ծարավի, նրա հետ ոչ մի պայմանավորվածություն արժեք չունի, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա էքզիստենցիալ հարց է»։
Սարսանգի հանդիպումից հանրային շոկի պատճառը հենց այդ քարոզչությունն է։ Եվ արցախա-ադրբեջանական ցանկացած շփում հուսալքություն է ծնում, քանի որ իշխանության այսպես կոչված քաղաքական թեւը մարդկանց ներշնչում է, որ Ադրբեջանի հետ «Արցախը ոչ մի կապ չունի եւ չի ունենալու»։ Հերթական սրացումից, երկու զինծառայողի կորստից եւ տասնիննի ծանր վիրավորումից մի քանի օր անց ադրբեջանցի քարոզիչ Ֆաթուլլաեւը Բերձորում էր, Աղավնոյում։ Առանց Արցախի համապատասխան կառույցի համաձայնության դա անհնար կլիներ։
Օգոսոտսի 22-ին կողմերի ջրային տնտեսությունների պատվիրակություններն են հանդիպել։ Անհրաժեշտություն է։ Վաղը, թերեւս, նման հանդիպումներից ծնվի քաղաքական քննարկո՞ւմ։ Տա Աստված։ Բայց մարդկանց հետ պետք է ազնիվ լինել։ Այլապես ստացվում է «Կայենի սինդրոմ»։ Երբ Կայենը դաշտում սպանեց եղբորը եւ տուն եկավ մենակ, Աստված նրան հարցրեց՝ «Իսկ ո՞ւր է եղբայրդ», եւ Կայենը պատասխանեց՝ «Բայց մի՞թե ես եղբորս պահապանն եմ»։ Այս տեսակի մարդու մասին ղարաբաղցին մի խոսք ունի․ «Քո հացը թոնրին ո՞նց է կպնում»։ Ծանր անեծք է։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։