ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, ՌԴ Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը հայտնել է, որ օգոստոսի 1-ից ուկրաինական նավահանգիստներից 39 բեռնանավ, ներառյալ 19 արգելափակված նավեր են դուրս եկել։
Արտահանվել է 821 հազար 547 տոննա պարենամթերք`570 հազար 210 տոննա եգիպտացորեն, 28 հազար 850 տոննա արեւածաղկի ձեթ, 50 հազար 301 տոննա ալյուր, 17 հազար տոննա սոյա, 90 հազար 172 տոննա ցորեն, 2914 տոննա արեւածաղկի սերմ, 18 հազար 500 տոննա համակցված կեր, 14 հազաև տոննա շաքարի ճակնդեղ, 29 հազար 600 տոննա սեւուկ (ռապս)։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախօրեին հայտարարել էր, որ ուկրաինական նավահանգիստներից նավերն անխոչընդոտ դուրս են գալիս, բեռնվել է մոտ 800 հազար տոննա հացահատիկ։
Նա հավելել է, որ «Հացահատիկի միջանցքի» վերաբերյալ համաձայնագիրը գործում է համակարգված կերպով։ Ուկրաինայի նավահանգիստներում ավելի քան 25 միլիոն տոննա հացահատիկ կա։
Ըստ նախարարի` եղանակային եւ ծովային պայմանները նույնպես ազդում են առաքումների վրա։
«Մենք մշտական կապ ենք պահպանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ եւ ուշադիր հետեւում ենք գործընթացին»,– նշել է Աքարը։