ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կհայտարարի Զապորոժիեի ԱԷԿ իր փորձագետների այցի ժամկետների մասին։
«Բոլոր նորությունները, որոնք հաստատում են ՄԱԳԱՏԷ-ի այցը կամ հայտարարում են դրա մասին, կլինեն Վիեննայից՝ ՄԱԳԱՏԷ-ից: Մենք աջակցում ենք լոգիստիկայի հարցում։ Բայց նրանք պետք է հաստատեն կամ հայտարարեն, թե երբ կլինի այցը»,- ասել է Դյուժարիկը։
Ավելի վաղ, ըստ «Wall Street Journal» պարբերականի, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել էր, որ գործակալության առաքելությունը Զապորոժիեի ԱԷԿ կժամանի առաջիկա օրերին:
ՄԱԳԱՏԷ-ի թիմը կարող է Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան հասցնել պահեստամասեր, ճառագայթման վերահսկողության սարքեր եւ այլ միջոցներ այն մտավախությունների ֆոնին, որ այդ շրջանում մարտական գործողությունները կարող են հանգեցնել միջուկային աղետի:
Անվտանգության երաշխիքներ են ստացել Ռուսաստանից եւ Ուկրաինայից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ աշխարհը հազիվ է խուսափել միջուկային վթարից․ Զապորոժիեի ատոմակայանի շրջանում ռուսական հրետակոծության պատճառով ԱԷԿ-ը մի քանի ժամ անջատվել է էլեկտրացանցից։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Զելենսկին հայտնել է, որ ռուսական ուժերը ռմբահարել են քարածխով աշխատող էլեկտրակայանին մոտ գտնվող մոխրի հորերը, հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով ԱԷԿ-ը հոսանքազրկվել է։ Սակայն այդ ժամանակ սկսել են գործել դիզելով աշխատող գեներատորները։ Դրանք շարունակել են էլեկտրաէներգիայի մատակարարումը ԱԷԿ-ին՝ ապահովելով ատոմակայանի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող հովացման եւ անվտանգության համակարգերի աշխատանքը։
Ըստ մասնագետների՝ Զապորոժիեի ատոմակայանը կառուցված է բավականին անվտանգ նախագծով։ Այն կարող է դիմանալ ուժեղ հարվածների, անգամ եթե օդանավ ընկնի ատոմակայանի վրա, բայց եթե հովացման համակարգը խաթարվի, պաշտպանությունն անզոր կլինի միջուկային շղթայական ռեակցիայի դիմաց։
Ռուսական կողմն, իր հերթին, Կիեւին է մեղադրում ատոմակայանի տարածքի հրետակոծման համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտնել է, որ Ֆրանսիան եւ ՄԱԳԱՏԷ-ն անվտանգության երաշխիքներ են ստացել Ռուսաստանից եւ Ուկրաինայից՝ գործակալության առաքելությունը Զապորոժիեի ատոմակայան ուղարկելու համար։ Մակրոնը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպումից առաջ խոսել է նախագահներ Զելենսկու եւ Պուտինի հետ։