ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիան անվանել է Արեւելյան Միջերկրական ծովում ամենամեծ սպառնալիքը եւ Չինաստանի, Ռուսաստանի եւ կլիմայի փոփոխության հետ այն ներառել միջազգային հանրության առաջ կանգնած հիմնական մարտահրավերների մեջ։
Քննադատելով Կիպրոսի հյուսիսային հատվածի բռնազավթումը` Մենենդեսը հայտարարել է, որ դեմ է հանդես գալիս Անկարային սպառազինության արդիականացված համակարգեր տրամադրելուն։ Նա մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում պառակտիչ քաղաքականություն վարելու համար։
Ավելի վաղ Մենենդեսը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն, քանի դեռ նա չի փոխել իր ուղղվածությունն ու չի կատարել ՆԱՏՕ–ի առաջ ստանձնած պարտավորությունները` հրաժարվելով ռուսական С-400 համակարգերի ձեռքբերումից։ Թուրքիան մտադիր է ԱՄՆ–ից 40 հատ F-16 կործանիչ գնել եւ արդիականացնել իր սպառազինության կազմում գտնվող եւս 80-ը։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը քննարկում են F-16-ի գնման հարցի «տեխնիկական մանրամասները»։ Անկարան բանակցությունների դրական ընթացքի հույս ունի:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ հույս ունի ստանալու Կոնգրեսի հավանությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու հարցում։ Սենատոր Մենենդեսը, որպես միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ, այդ գործարքի վրա վետո դնելու իրավունք ունի։
Հունաստանն ակտիվորեն խոչընդոտում է գործարքը։ Դա պատճառներից մեկն է դարձել, որ Էրդողանը հրաժարվի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ շփվելուց` մեղադրելով նրան ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու համար։