Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտնել է, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում նախանշված Ալիեւ-Փաշինյան հանդիպմանը նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը։
«Սակայն այս գործընթացի առումով Հայաստանի կողմից տեսնում ենք վարանում»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Հաջիեւը նաեւ պնդել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են լավ գործընկերներ դառնալ Հայաստանի համար։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու, եթե պաշտոնական Երեւանն ընդունի այս 5 կետը։
Ադրբեջանի՝ Հայաստանին առաջարկած հինգ սկզբունքները
Ադրբեջանը մարտի 14-ին Հայաստանին առաջարկել էր հարաբերությունների կարգավորման հետեւյալ սկզբունքները.
ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության եւ միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
միմյանց նկատմամբ պետությունների տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում եւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն,
ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների եւ ուժի կիրառումից, ինչպես նաեւ ՄԱԿ–ի կանոնադրության նպատակների հետ անհամատեղելի այլ հանգամանքներից,
պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
տրանսպորտի եւ հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների հաստատում եւ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Երեւանը Բաքվի առաջարկն ընդունելի է համարում, սակայն առաջնայինն արցախահայերի անվտանգությունն է․ ԱԽ քարտուղար
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հերթին «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել էր, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է դառնալ խաղաղության օրակարգի եւ ճանապարհային քարտեզի հանգուցակետը։
Ըստ նրա` Հայաստանն ընդունելի է համարում Ադրբեջանի առաջարկած հինգ կետից բաղկացած փաստաթուղթը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, սակայն Արցախում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները հայկական կողմի համար հիմնարար նշանակություն ունեն։
Հավելենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների միջեւ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։