Օգոստոսի 27-ի առավոտյան անցկացված նիստում Չեխիայի խորհրդարանը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ավելի վաղ նույն քայլը կատարել էր Չեխիայի Սենատը։ Նախագահ Միլոշ Զեմանը հասկացրել էր, որ խորհրդարանով անցնելուց հետո կստորագրի ընդունված որոշումը։
Այսպիսով` Չեխիան դառնում է ՆԱՏՕ-ի 24-րդ երկիրը, որ հաստատում է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Սկանդինավյան երկու երկրների հայտերը վերջնականապես հաստատելու, նրանց ՆԱՏՕ-ի անդամ հռչակելու համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր 30 անդամների խորհրդարանների հավանությունը։
Համաձայնագրերը դեռեւս չեն վավերացրել Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Հունգարիան եւ Թուրքիան։
Ափսոս, որ ՆԱՏՕ-ն իր գոյությունը չդադարեցրեց Վարշավայի պայմանագրի հետ․ Ռիչարդ Բլեք
ԱՄՆ Վիրջինիա նահանգի նախկին սենատոր Ռիչարդ Բլեքը ավելի վաղ ափսոսանք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն շարունակում է իր գործունեությունը։
«Կարծում եմ, որ արեւմտյան քաղաքակրթության մեծագույն ողբերգություններից մեկն այն էր, որ ՆԱՏՕ- ն իր գոյությունը չդադարեցրեց Վարշավայի պայմանագրի հետ միաժամանակ»,- ընդգծել է Բլեքը:
Ըստ նրա՝ նախկինում որոշակի ժամանակահատված ՆԱՏՕ-ն դրական ուժ էր համարվում, սակայն այժմ այն դարձել է միջազգային հարաբերություններում ապակայունացնող տարր։
Դեռ ապրիլին Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, պատասխանելով դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության դեպքում Չինաստանի դիրքորոշման մասին հարցին, հայտարարել է, որ Սառը պատերազմի արդյունք ՆԱՏՕ-ն վաղուց պետք է պատմության գիրկն անցներ։
Եվրամիությունում Չինաստանի ներկայացուցչության մամուլի ծառայությունը փետրվարին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի որդեգրած ընդլայնման քաղաքականությունը չի նպաստում գլոբալ անվտանգությանը եւ կայունությանը: ՆԱՏՕ-ն, ըստ չինացի դիվանագետների, Սառը պատերազմի մնացորդ է եւ աշխարհի խոշորագույն ռազմական դաշինքը։
Ըստ չինական կողմի՝ Սառը պատերազմի ավարտից երեսուն տարի անց դաշինքը շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը եւ գործողությունների շրջանակը, մասնակցում է բլոկային քաղաքականությանը եւ առճակատմանը: