Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը, ելույթ ունենալով Շուշիում կայացած խորհրդաժողովում, հայտարարել է, որ Ադրբեջանում Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը:
«Այսօր Շուշիում չկան Ադրբեջանում Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպանները։ Նրանք ցուցադրաբար անտեսել են ադրբեջանական կառավարության հրավերը»,- դժգոհել է Հաջիեւը:
Ադրբեջանի նախագահի օգնականը Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի այդ քայլը որակել է «անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։ Հաջիեւը հավելել է, որ ամերիկյան եւ ֆրանսիական կողմերի կարծիքով հակամարտությունը ավարտված չէ։
Հաջիեւը նաեւ մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հասցեին՝ նշելով, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ այդ երկրները «չեն նպաստել հակամարտության կարգավորմանը»։
«Նրանք վատնել են մեր ժամանակը ամբողջ 30 տարի։ Չընդունելով հրավերը՝ նրանք հերթական անգամ անտեսեցին մեզ»,- բողոքել է Հաջիեւը՝ նշելով, որ այլեւս հրավեր չեն ուղարկի Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպաններին։
Ավելի վաղ ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ադրբեջանում եւ Թուրքիայում հավատարմագրված շուրջ 70 դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ այցելել են 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ, մասնավորապես Վարանդա (Ֆիզուլի) եւ Շուշի: