Արցախի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ օգոստոսի 31-ից Արցախից Հայաստան կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով։
Այլընտրանքային նոր ճանապարհի մասին որեւէ այլ տեղեկություն այս պահին չի հաղորդվում։
«Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը` ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին եւ երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկություն»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի ՆԳ նախարարությունից հայտնել էին, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի միջանցքով» երթեւեկությունը գործելու է մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ։
Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում ապահովելու են ռուս խաղաղապահները։
Թարմացում
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 29-ին անկացված Անվտանգության խորհրդի հերթական նիստում որոշում է ընդունվել Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունը նոր երթուղով սկսել օգոստոսի 30-ի 20:00-ից:
Նշվել է, որ, 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն, նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: