Ըստ թուրքական Sabah պարբերականի՝ Թուրքիան, Մոնտրյոյի կոնվենցիայի ընձեռած իրավունքներով հնգապատիկ կավելացնի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով անցնելու գինը։ 2022-ի հոկտեմբերի 7-ին նեղուցների անցումներում փարոսների, տարհանման եւ բժշկական սպասարկման արժեքը հնգապատիկ կավելանա, իսկ շահույթը, որն այսօր 40 միլիոն դոլար է, կհասնի 200 միլիոն դոլարի։
«Ըստ Մոնտրյոյի համաձայնագրի` Թուրքիան Ստամբուլի նեղուցով անցնող եւ Չանաքկալեի (Դարդանել) նեղուց մտնող եւ դուրս եկող նավերից փարոսների, տարհանման եւ բժշկական սպասարկման համար գումար գանձելու իրավունք ունի»,- գրում է պարբերականը։
Պատմական տեղեկանք: Սեւծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ Մոնտրյոյի կոնվենցիան կնքվել է 1936-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում: Կոնվենցիայով վերականգնվում էր Սեւ ծովից դեպի Միջերկրական ծով տանող Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների նկատմամբ Թուրքիայի ինքնիշխանությունը: Անկարան իրավունք ստացավ վերառազմականացնելու նեղուցները, ինչից զրկված էր 1923-1936 թվականներին։
Մոնտրյոյի կոնվենցիայով Թուրքիան պարտավորվում է նաեւ պահպանել միջազգային ծովային իրավունքի սկզբունքները։ Ըստ կոնվենցիայի՝ բոլոր երկրների առեւտրանավերը կարող են նեղուցներով ազատ անցնել թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական ժամանակ։ Բայց ռազմանավերի անցման ռեժիմը տարբեր է սեւծովյան եւ ոչ սեւծովյան պետությունների համար։
Սեւծովյան տերություններն են Թուրքիան, Ռումինիան, Բուլղարիան, ԽՍՀՄ-ը (մինչեւ 1991-ը), Ռուսաստանը, Ուկրաինան եւ Վրաստանը (1991-ից)։ Սեւծովյան տերությունները խաղաղ ժամանակ կարող են նեղուցներով անցկացնել ցանկացած կարգի ռազմանավեր՝ նախապես Թուրքիային ծանուցելով դրա մասին։ Մյուսների համար էական սահմանափակումներ կան կարգի (դասի) եւ ջրատարողության առումով։
Սեւ ծովում ոչ սեւծովյան տերությունների ռազմանավերն իրավունք ունեն մնալու առավելագույնը 21 օր: Պատերազմի ժամանակ կոնվենցիայի շրջանակում գործում են նաեւ այլ՝ պատերազմական օրենքներ:
Պատերազմին Թուրքիայի մասնակցության դեպքում Անկարային իրավունք է վերապահված թույլատրելու կամ չթույլատրելու նեղուցներով ցանկացած կարգի (դասի) ռազմանավերի անցումը։ Այդպես է նաեւ այն դեպքում, երբ Թուրքիան կհամարի, որ անմիջականորեն իրեն պատերազմ է սպառնում: Եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմին, նեղուցները պետք է փակված լինեն ցանկացած պատերազմող տերության ռազմանավերի համար: