Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ կազմակերպության դիտորդական առաքելությունն այս շաբաթ կայցելի Զապորոժիեի ատոմակայան։
«Այդ օրը եկավ, ՄԱԳԱՏԷ-ի օգնության եւ աջակցության առաքելությունն արդեն Զապորոժիե ԱԷԿ–ի ճանապարհին է: Մենք պետք է ապահովենք Ուկրաինայի եւ Եվրոպայի ամենամեծ միջուկային օբյեկտի անվտանգությունն ու պահպանությունը: Ես հպարտ եմ, որ ղեկավարում եմ այն առաքելությունը, որն այս շաբաթվա վերջին կհասնի Զապորոժիեի ԱԷԿ»,- նշել է Գրոսսին իր թվիթերյան գրառման մեջ։
Զապորոժիեի շրջանի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ընդունելու ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը Զապորոժիեի ատոմակայանում եւ ապահովելու նրանց լիարժեք անվտանգությունը:
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի թիմը Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան կհասցնի պահեստամասեր, ճառագայթման վերահսկողության սարքեր:
Ըստ մասնագետների՝ Զապորոժիեի ատոմակայանը կառուցված է բավականին անվտանգ նախագծով։ Այն կարող է դիմանալ ուժեղ հարվածների, անգամ եթե օդանավ ընկնի ատոմակայանի վրա, բայց եթե հովացման համակարգը խաթարվի, պաշտպանությունն անզոր կլինի միջուկային շղթայական ռեակցիայի դիմաց։
Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից ՌԴ մշական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտնել է, որ դեպի Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ–ի առաքելությունը բաղկացած է գործակալության քարտուղարության մոտ մեկուկես տասնյակ աշխատակցից, որոնք զբաղվում են երաշխիքների եւ միջուկային անվտանգության խնդիրներով։ Նրանց ուղեկցում է լոգիստիկայի եւ անվտանգության հարցերով զբաղվող ՄԱԿ–ի աշխատակիցների մեծ թիմը: