Միացյալ Նահանգների օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) ղեկավար Բիլ Նելսոնը NBC–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լուսնի վրա տիեզերագնացների նոր վայրէջքի նպատակը մեկն է` ապահովել մարդու ավելի երկար մնալը Երկրի արբանյակի վրա, ինչը նոր տեխնոլոգիաների ուսումնասիրություն է ենթադրում։
«Մեր նպատակն է, որ տիեզերագնացներն ավելի երկար մնան Լուսնի վրա, մի քանի օր մնան եւ հետո մեկնեն»,– ասել է նա։
Ըստ ՆԱՍԱ ղեկավարի` մարդկությունը Լուսին կթռչի այնտեղ ապրելու եւ սովորելու համար։ Նելսոնը նշել է, որ հենց այս խնդիրների իրագործմամբ է պայմանավորված այն փաստը, որ տիեզերագնացների նոր վայրէջքը Երկիր արբանյակի մակերեւույթին այդքան ժամանակ է զբաղեցնում։
«Եթե վերադառնանք այնտեղ, ապրելու ենք եւ սովորելու։ Մենք նոր տեխնոլոգիաներ ենք զարգացնելու։ Այդ ամենն արվում է, որպեսզի այլ մարդկանց հետ մեկնենք Մարս»,– ասել է Նելսոնը։
Միեւնույն ժամանակ ՆԱՍԱ–ի ղեկավարն ընդգծել է, որ կարճաժամկետ հեռանկարում Լուսնի վրա մարդու բնակությունը բառի ընդունված իմաստով հավանական չի համարում։ «Ըստ իս` խոսքը վերաբերում է տեխնոլոգիաների զարգացմանը, որի շնորհիվ կկարողանանք ապրել այլ երկնային մարմինների վրա»,– հավելել է Նելսոնը։
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք մեկնարկած ՆԱՍԱ–ի «Արտեմիդա-3» հավակնոտ տիեզերական ծրագրի հիմնական խնդիրը մարդուն Լուսնի վրա իջեցնելն է եւ ավելի հեռավոր թռիչքների նախապատրաստումը, մասնավորապես` դեպի Մարս։