Չեխիայում մայրաքաղաք Պրահայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում շարունակում են հաջող հանդես գալ Հայաստանի շախմատիստուհիները:
Անցկացված 8 տուրից հետո գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը վաստակել է 6,5 միավոր եւ ընթանում է 2-րդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավոր է զիջում մրցաշարի միանձնյա առաջատար, լեհ Մոնիկա Սոցկոյին: Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը 6-ական միավորով հետապնդում են առաջատարներին: Հայաստանի եռյակը լրջորեն պայքարում է Եվրոպայի մեդալների համար:
Աննա Սարգսյանն ունի 5 միավոր եւ տեսականորեն դեռ հավակնում է մրցանակային տեղերի, բայց դրա համար հարկավոր է հաթանակ տանել մնացած երեք տուրերում: Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը չնայած հաղթանակ տարան ընթացիկ տուրում, սակայն նրանք արդեն դուրս են մնացել մեդալային պայքարից, քանի որ իրենց հաշվին գրանցել են 4,5-ական միավոր:
Օգոստոսի 29-ին կանցկացվեն 9-րդ տուրի պարտիաները: Մարիա Գեւորգյանը սեւերով կմրցի Ադրբեջանի ներկայացուցիչ Գունայ Մամադզադայի հետ, որը վաստակել է 6 միավոր: Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը համակարգչի որոշմամբ հանդիպելու են իրար հետ: Սպիտակներով հանդես կգա Լիլիթը: Աննա Սարգսյանի թվով 9-րդ մրցակիցը ադրբեջանուհի Լաման Հաջիեւան է:
1-9-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստուհիները կստանան 2023 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:
Եվրոպայի առաջնությունը Չեխիայի մայրաքաղաքում: