Գյուղերը կարող են ոչ միայն չդատարկվել, այլեւ զարգանալ, եթե դրանցում ակտիվանա գյուղական զբոսաշրջությունը, վստահ է Ստելլա Սարուխանյանը: «Հայ գյուղ» սոցիալական ձեռնարկությունը ղեկավարող Ստելլան, որ եղել է Հայաստանի գյուղերի մեծամասնությունում, քաղաքը գյուղ տանելու ծրագիր է իրականացնում:
Ստելլան գյուղական կյանքով սկսել է հետաքրքրվել դեռեւս տասը տարի առաջ։ Մայրը «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախագահն է, ինքն էլ տարիներ շարունակ եղել է ամենատարբեր համայնքներում, ծանոթացել բնակիչների հետ, ուսումնասիրել գյուղերի ներուժը:
«Գյուղն ու գյուղացուն սկսեցի ճանաչել ներսից՝ առօրյայով, հոգսերով, խնդիրներով ու ակնկալիքներով»,- «Ալիք Մեդիա»-ին ասում է Ստելլան:
Սոցիալական ձեռնարկության նախագահը սկսել է տարբեր ծրագրեր իրականացնել Հայաստանի հիմնականում սահմանամերձ գյուղերում, հետո ծրագրերի շրջանակն ընդլայնվել է: Նախագծի հիմնական նպատակը, սակայն, գյուղերը ճանաչելի դարձնելն է, որի հիմնական գործիքը Ստելլան համացանցն է համարում: «Համացանցը ճիշտ օգտագործելու դեպքում հնարավոր է բոլոր ռեսուրսները տանել անգամ ամենահեռավոր գյուղ, կապել գյուղն ու քաղաքը, քանի որ մեկն առանց մյուսի ապրել չի կարող»,- նշում է նա:
Ընտրված գյուղերում բնակիչների հետ նա դասընթացներ է անցկացնում, սովորեցնում գյուղական զբոսաշրջության, ագրոտուրիզմի, էկոտուրիզմի հմտություններ։ Բացի այդ՝ գյուղացիներին տրամադրում են բարձրարժեք մշակաբույսերի սերմեր, սովորեցնում աճեցնել: 44-օրյա պատերազմից հետո «Հայ գյուղի» թիրախում Սյունիքի մարզի բնակավայրերն են՝ առավել խոցելի լինելու պատճառով:
«Այնտեղ գյուղեր ունենք, որոնցում ընդամենը 8 մշտաբնակ ընտանիք կա: Հայաստանի հեռավոր գյուղերը, որոնք ունեն 30 եւ ավելի քիչ ընտանիքներ, 20-30 տարի հետո այլեւս չեն լինի, գյուղը կմահանա, եւ Հայաստանը կվերածվի Երեւանի ու երեւանամերձ մարզերի»,- նշում է Ստելլան, բայց հավատացնում՝ զբոսաշրջության զարգացումը կարող է կանխարգել դա:
Ներքին տեղաշարժի ցուցանիշները նվազեցնելու համար պետք է երիտասարդներին տալ գործիքներ՝ ծննդավայրերում մնալու եւ այնտեղ աշխատանք գտնելու: «Ծնողները մտածում են երեխաներին օր առաջ հանել գյուղից, բայց եթե սովորենք գյուղական զբոսաշրջությունը զարգացնել, այս խնդիրն էապես կլուծվի: Այս ոլորտը ծախսատար չէ, որովհետեւ յուրաքանչյուր գյուղացու տուն կարող է դառնալ նրա բիզնես կենտրոնը»:
Ոլորտի զարգացման համար Ստելլան կարեւորում է սոցիալական մտածելակերպը. գյուղական զբոսաշրջության գաղափարը պետք է վարակիչ դառնա: Այդ դեպքում ռեսուրսները կսկսեն ամբողջ գյուղին գալ, ոչ թե մեկի տուն: Օրինակ՝ եթե գյուղ այցելի զբոսաշրջիկների քսանհոգանոց խումբ, կտեղավորվի գյուղական մի քանի տներում, եւ ավելի շատ ընտանիք գումար կվաստակի:
«Խնդիրներից մեկն էլ այն է, որ մենք միասնական ենք աղետի ժամանակ, բայց ոչ հաջողության: Եթե գիտակցենք, որ շատ ավելի կարեւոր է հաջողության դեպքում իրար սատարելը, մեծ արդյունքներ կգրանցենք: Եթե մեկը հաջողում է, պետք է ներգրավի համագյուղացիներին, հարեւաններին»:
Գյուղական զբոսաշրջության զարգացման համար պարտադիր չէ, որ տվյալ տարածքում հարուստ պատմամշակութային ժառանգություն լինի, այն ձեւավորվում է հենց գյուղացու՝ անձի շուրջը: Հյուրը գյուղում գտնվելու ընթացքում ապրում է նրա առօրյայով ու կտրվում քաղաքային աղմուկից: Ստելլան կարեւորում է նաեւ միջմարզային շփումները:
«Մենք մի քիչ «գավառական» հայրենասիրություն ունենք. տավուշցին սիրում է Տավուշը, լոռեցին՝ Լոռին, վայոցձորցին՝ Վայոց ձորը, մի մարզը մյուսի հետ բարեկամություն չի անում, չենք այցելում միմյանց գյուղեր, չենք ճանաչում իրար: Մեր նպատակը նաեւ այն է, որ մարզերն իրար հետ բարեկամություն անեն»:
Այս ամենին զուգահեռ «Հայ գյուղը» գունավորում է հայ գյուղը: Ստելլան տարբեր գյուղերում բնակիչների հետ ներկում է նրանց տների դարպասները՝ պայծառացնելով գյուղերի «դիմագիծը»: «Մեր գյուղերը հիմնականում շատ գորշ են. ժանգոտ դարպասներ, փակ կողպեքներ, մոլախոտով պատված արահետներ: Մենք ներկում ենք դարպասները՝ դրանց նոր շունչ տալով: Փոքր բան է թվում, բայց գյուղացիների տրամադրության ու հոգեբանության վրա շատ է ազդում»,- ասում է Ստելլան:
Նախագծի կարեւոր սկզբունքը մեկն է՝ գյուղացուն տալ ոչ թե օրվա ապրուստ, այլ գիտելիք ու գործիք՝ պարբերական եկամուտ ստանալու համար: «Ես դեմ եմ օգնություն բաժանելուն, 30 տարիների փորձը ցույց է տվել, որ դա դեգրադացնում է: Կարող ենք տալ բահը, տնկին, սածիլը, սերմը ու օգնել մարդուն աշխատելու»:
Տարիների ընթացքում որոշ խոչընդոտներից եւս չեն խուսափել: Տարբեր գյուղերում բնակիչները «Հայ գյուղին» ուրախությամբ, գյուղապետները «սվիններով» են ընդունել, թե եկել, մեր գյուղում ինչեր եք անում: Ստելլան հիշում է, երբ Սյունիքի գյուղերից մեկում մանկապարտեզի՝ տարիներ շարունակ չլուծված ջրի խնդիրն էին կարգավորել, ու գյուղապետարանից արձագանքել էին, որ գյուղում ոչինչ չանեն:
«Գյուղապետներից շատ բան է կախված, որ հաճախ չեն անում: Գյուղացին իրեն իր գյուղի տերը պետք է զգա: Երբ այդպես չի լինում, թողնում գնում է: Մենք հենց այդ գաղափարն ենք տարածում»,- ասում է Ստելլան ու համոզված եզրափակում՝ գյուղերի զարգացման հեռանկարը տեսանելի կլինի նվիրված աշխատանքի շնորհիվ:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: