Ըստ բրիտանական Daily Express պարբերականի՝ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ՌԴ-ի հետ հարաբերություններում լարվածության աճի պայմաններում Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամ կտեղափոխվեն երկրի քաղաքացիական օդանավակայաններ։
Սեպտեմբերին Նորֆոլկ եւ Լինկոլնշիր կոմսություններում տեղակայված Eurofighter Typhoon եւ F-35 կործանիչները փորձարկումների ժամանակ կբաժանվեն փոքր խմբերի եւ կտեղակայվեն երկրի ծայրամասերում գործող մի շարք օդանավակայաններում։
Տեղափոխման նպատակը մեկն է` երաշխիք ունենալ, որ Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ–ի արագ արձագանքման ուժերը կկարողանան դիմակայել սեփական բազաների վրա անմիջական հարձակումները։
Վերջին մեկ տարում Մեծ Բրիտանիայի ՊՆ աշխատակիցները մի քանի անգամ այցելել են երկրի քաղաքացիական օդանավակայաններ` պարզելու համար՝ որքան ինքնաթիռ եւ պահուստային հզորություն, ինչպես նաեւ ցամաքային անձնակազմ կարելի է տեղակայել այնտեղ արտակարգ իրավիճակների դեպքում։
Ռազմական ինքնաթիռները կտեղափոխվեն Agile Combat Employment (ACE) հայեցակարգի շրջանակում, որն ուղղված է մեծ թվով տեղակայման վայրերից թագավորական ռազմաօդային ուժերին գործելու հնարավորություն տալուն` այդպիսով ապահովելով նրանց ճկունությունն ու հուսալիությունը։
Այդ հայեցակարգը մշակվել է ավելի քան մեկ տարի առաջ եւ նախատեսվել է Հնդկական-խաղաղօվկիանոսյան շրջանի, Մերձավոր Արեւելքի կամ Եվրոպայում ՆԱՏՕ–ի արեւելյան շրջանների պես հավանական թեժ կետերում կիրառելու համար։ Սակայն Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների մեկնարկից հետո ACE ծրագիրն արագացվել է եւ տարածվել Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքի վրա։