Շիրակի մարզային գրադարանում բացվեց Լենա Գալստյանի նկարների անհատական ցուցահանդեսը:
Մասնագիտությամբ բանասեր Լենա Գալստյանը նկարել սկսել է 62 տարեկանում։ Լոռեցու եւ շիրակցու դուստրը նկարներում համատեղել է Շիրակի եւ Լոռվա գույները, ծաղիկներն ու բնապատկերները: Նկարելու ցանկությունն առաջացել է համավարակի շրջանում, ապա դարձել ապրելակերպ։ Որ կյանքի վեցերորդ տասնամյակում նկարելու ձիրք կարթնանա, սպասելի էր, քանի որ ե՛ւ հայրական, ե՛ւ մայրական գծով նկարչի գեն է կրում:
«Երիցուկներ, անյուտայի աչիկներ, յասաման… Սկսեցի նկարել ու ապրել ծաղիկներով: Գույների աշխարհն ինձ գրավեց»,- ասում է Լենա Գալստյանը:
Գյումրեցի ճանաչված նկարիչ, Լենա Գալստյանի ազգական Սամվել Գալստյանն ասում է՝ երբ իմացել է, որ զարմուհին նկարում է, ենթադրել է, որ Լենան ինքն իր պես արեւ ու գարուն է նկարելու: «Տեսա՛, չէի սխալվել»:
Արվեստաբան Արաքս Մարգարյանը եւս բարձր գնահատեց տիկին Լենայի՝ ցուցահանդես ունենալու համարձակությունը: «Շատ ինքնուս նկարիչներ դուրս չեն գալիս իրենց արվեստանոցից, չեն փորձում երկխոսության մեջ մտնել հանդիսատեսի հետ: Այսօր այստեղ նրա լուսավոր էությունն է խոսում»:
Նշենք, որ Շիրակի մարզային գրադարանի գունեղ ցուցահանդեսին կից ցուցադրված էին նաեւ ժողովրդական նկարիչ, Լենա Գալստյանի մեկ այլ ազգական Էդվարդ Արծրունյանի նկարները:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։