«Ռոսատոմ» կորպորացիայի վառելիքային ընկերությունը եւ աշխարհում հարստացվող ուրանի խոշորագույն արտադրող ТВЭЛ–ը Հայկական ատոմային էլեկտրակայանի հետ ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են ստորագրել։ Մատակարարումը նախատեսվում է սկսել 2022-ի 4-րդ եռամսյակում, ինչը հնարավորություն կընձեռի լիովին բավարարելու ատոմակայանի ընթացիկ թարմ միջուկային վառելիքի պահանջարկը։
ТВЭЛ ընկերության փոխնախագահ Օլեգ Գրիգորեւը նշել է, որ Մեծամորի ԱԷԿ-ի պատմության ամբողջ ընթացքում Մեքենաշինական գործարանը, ТВЭЛ վառելիքային ընկերությունը եւ «Ռոսատոմ» պետկորպորացիան հայաստանյան էներգետիկների հուսալի գործընկերներն են։ Ըստ նրա՝ մինչեւ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը կայուն իզոտոպների գլոբալ շուկայի առաջատար ТВЭЛ-ը կշարունակի հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի կայուն ապահովումը՝ առավելագույնս հաշվի առնելով պատվիրատուի պահանջներն ու ցանկությունները։
2021-ին ԱԷԿ–ի գործող էներգաբլոկում կատարված արդիականացման նախագծի շնորհիվ դրա շահագործման ժամկետը 2026-ից հետո կարող է երկարաձգվել եւս 10 տարով։ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հայտնել է, որ շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու ծրագիրը քննարկվում է։
Մարտիրոսյանը հավելել է, որ նախատեսված են միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն «Ռոսատոմի» հետ համատեղ ու հնարավորություն կտան էլ ավելի բարձրացնելու էլեկտրակայանի անվտանգության մակարդակը։ Բացի դրանից՝ օրակարգում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ հերթի (նոր էներգաբլոկի) կառուցման հարցը։
Մեծամորի ատոմակայանը 2021-ին արտադրել է ավելի քան 2 միլիարդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը ՀՀ էներգահամակարգի արտադրած էլեկտրաէներգիայի ¼-ն է։ 2022-ի առաջին կիսամյակում ատոմային էներգաբլոկն արտադրել է 0,92 միլիարդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա։
Իբրեւ ռուսաստանյան ԱԷԿ-ների միջուկային վառելիքի միակ մատակարար՝ ТВЭЛ-ը ներկա պահին 75 ռեակտորի վառելիք է ապահովում։ Դրանց թվում են աշխարհի 15 պետությունների էներգետիկ եւ 9 երկրների հետազոտական ռեակտորների, ինչպես նաեւ ՌԴ ատոմային նավատորմի բոլոր տրանսպորտային ռեակտորները։ Աշխարհում յուրաքանչյուր 6-րդ էներգետիկ ռեակտորն աշխատում է ТВЭЛ-ի վառելիքով։