Ժամանակակից արվեստի ոլորտում կատարվող գրեթե բոլոր նշանակալի իրադարձությունները մեծ հետաքրքրություն են առաջացնում Հայաստանում։ Հետաքրքիր է հատկապես այդ միջոցառումների աշխարհագրությունը, որտեղ իր ուրույն տեղն ունի Գյումրին։ Առհասարակ այս քաղաքի դերը թե՛ խորհրդային եւ թե՛ անկախ հանրապետությունների հասարակական կյանքում առանցքային է, ինչպես ընդհանուր քաղաքական շարժումների, այնպես էլ մշակութային կյանքի բերումով։
Անկախության առաջին տասնամյակում (որը կարելի է բնութագրել որպես անցումային շրջան) մշակութային միջավայրը զարմանալիորեն հարուստ էր գեղարվեստական որոնումներով եւ անցյալի գեղագիտական բեռից ազատվելու բուռն ձգտմամբ։
Հետարդիական մտածողության այդ նոր ծիլերը 1990-ականների եւ 2000-ականների սկզբին հանդիպում էին բազմաթիվ դժվարությունների, որոնցից թերեւս ամենաառարկայականը Խորհրդային կայսրության եւ Արեւմուտքի միջեւ գոյացած յոթանասունամյա ահռելի գաղափարական անդունդն էր։
Աշխարհակարգի փոփոխությունը, անկախության հաստատումը, սահմանների ընդլայնումը, լեզուների միախառնումը առաջացնում էին գաղափարական ճգնաժամ։ Այն արվեստագետներից շատերի համար մնում էր որպես անհաղթահարելի վիճակ, որտեղ ժամանակի, ասելիքի եւ դրա արտահայտման ձեւի մեջ գոյություն ունեին անլուծելի թվացող հակասություններ։
Ժամանակակից արվեստն այսպիսով դառնում էր այն իրական խճապատկերը, որտեղ համադրվում էին սոցիալական բողոքը, քաղաքական խոսույթները, քարոզչությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ սինթեզվում էին պատերազմը, մեղադրողներն ու ամբաստանյալները։
Ժամանակակից արվեստը ազդարարում էր նաեւ, այսպես կոչված, ազատության այն արտաքին կաղապարի մասին, որի հետ հասարակության խավերն անհաշտ պայքարի մեջ էին, որովհետեւ խորհրդային գաղափարականացված (պաշտոնական) մշակույթը լիովին ջախջախված էր։ Ուստի արվեստում առաջ էին գալիս ծաղրը եւ կրկնօրինակումը, որոնք շատերի կարծիքով արդիական կյանքը արտացոլելու եւ այն քննադատելու լավագույն գործիքներն էին։
Այսպիսով՝ փոքրաթիվ արվեստագետների հաջողվեց 2000-ականներին ազատվել այս տեղապտույտից, եւ նրանցից միայն քչերը կարողացան բացել հայացքը աշխարհի առաջ եւ իրենց գործերում ձեւակերպել ժամանակակից արվեստի խնդիրները։
Այս համատեքստում 2000-ականներին առաջընթացի եւ նոր գաղափարների հենասյուներից մեկը դարձավ Գյումրիում հիմնադրված բիենալեն։ Բիենալեները, առհասարակ, համաշխարհային արվեստում էական դերակատարում ունեն, որովհետեւ ավելի ներկայացուցչական եւ համագործակցային են։ Դրանք ծառայում են որպես նոր երկխոսության հարթակներ, որտեղ բազմաթիվ արվեստագետներ հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց մտքերը եւ նորարարությունները (ինչպես, օրինակ՝ Վենետիկի բիենալեն)։ Գյումրու բիենալեն եւս այսօրինակ դերակատարում ուներ, որը թեեւ երկար կյանք չունեցավ (2000-2012), սակայն կարեւոր հետք թողեց հայ ժամանակակից արվեստում։ Այդ մշակութային երեւույթը երկրորդ շնչառություն բերեց քաղաքին, որը մեծ աղետի հաղթահարման կարեւոր ազդակներից մեկը դարձավ։
Այժմ տեւական դադարից հետո ժամանակակից արվեստի բնագավառում դիտարկվում են որոշ զարգացումներ, որոնք արտահայտվում են ոչ միայն փառատոնային կամ ցուցահանդեսային գործունեությամբ, այլ նաեւ հետազոտական աշխատանքներով։
Կուրատորական գործունեության ոլորտում եւս զարգացումներ կան․ առաջին հերթին պետք է ուրախությամբ փաստել, որ այս ոլորտի մասնագետները տարիների ընթացքում կարողացան ձեւավորել մի որոշակի նշաձող, ինչն այսօր տեսանելի արդյունքներ է գրանցում տարբեր նախագծերում։
Ինչ վերաբերում է Գյումրիին, ապա այն այսօր էլ շարունակում է մնալ Հայաստանի ժամանակակից արվեստի ինտերակտիվ կենտրոններից մեկը։ Չնայած ընթացիկ դժվարություններին՝ այսօր արդեն կարող ենք նկատել, որ քաղաքն ունի մշակութային թարմ եւ կենսունակ միջավայր։ Այդ առումով կարեւոր նախագիծ էր ամռանն իրագործված Gyumri Art Week-ը, որն իր բովանդակությամբ եզակի փառատոն է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանում։
Ընդհանրապես փառատոնային Art Week ձեւաչափը նոր երեւույթ է ժամանակակից արվեստի ներկայացման համար եւ լայնորեն կիրառվում է թե՛ Եվրոպայում եւ թե՛ ԱՄՆ-ում։ Արվեստի շաբաթները կամ Art Week կոչված փառատոները ժամանակակից արվեստին նվիրված բազմաֆունկցիոնալ միջոցառումներ են։ Այդ փառատոները (ինչպես, օրինակ` Berlin Art Week կամ London Art Week) ինտերակտիվ համագործակցության հարթակներ են եւ ներառում են ամենատարբեր ուղղվածության ցուցասրահներ, թանգարաններ, արվեստանոցներ եւ ինստիտուտներ։ Դրանց կազմակերպման եւ կոորդինացման աշխատանքներին ներգրավվում են արվեստի քննադատներ, փիլիսոփաներ, համադրողներ, զբոսաշրջության եւ մարքեթինգի մասնագետներ, աճուրդի տներ եւ NFT հարթակներ։ Ինչ վերաբերում է բուն ցուցադրվող արվեստին, ապա այն եւս չափազանց տարբեր է եւ բազմաժանր՝ հաստոցային գեղանկարից մինչեւ ինստալյացիաներ, վիդեոարտից մինչեւ նորագույն տեխնոլոգիական գերզգայական մշակումներ։
Gyumri Art Week-ը, չնայած իր փոքր ծավալներին, այնուամենայնիվ կրում էր արվեստի շաբաթներին բնորոշ փառատոնային ուղղվածությունը։ Նախագծի ղեկավարն էր արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանը, միացել էին Գյումրու գեղարվեստի ակադեմիան, Ասլամազյան պատկերասրահը, «Բեռլին Արտ» հոթելը, Երեւանի ռուսական արվեստի թանգարանը եւ մի շարք այլ հաստատություններ։
Միջոցառմանը մասնակցում էին հեղինակներ Հայաստանից, Ռուսաստանից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից եւ Ֆրանսիայից։ Նախագծի մասին Սարգիս Հովհաննիսյանը գրում է․ «Gyumri Art Week-ը ներկայացնում է ժամանակակից արվեստը բոլոր դրսեւորումներով. ցուցահանդեսներ, ներկայացումներ, վիդեոարտեր, ինստալյացիաներ, համերգներ, ինչպես նաեւ արտ-ստուդիաների ճանաչողական էքսկուրսիաներ, արվեստի ռեզիդենցիաներ Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաեւ պանելային քննարկումներ եւ ստեղծագործական փորձեր հանրային տարածքներում»։
Gyumri Art Week-ում իրենց ուշագրավ ստեղծագործություններով հանդես եկան Վահագն Ղուկասյանը, Սարգիս Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Ալեքսեյ Մանուկյանը։
Վահագն Ղուկասյանի քանդակային ինստալյացիան կոչվում է «Հայելային իրականության ձայները»․ այն տեղադրվեց Գյումրու գեղարվեստի ակադեմիայի բակում։
Այդ ստեղծագործությունն իրապես արտացոլում է ժամանակակից մարդու ինքնության խնդիրը, նրա գոյության եւ շրջապատող միջավայրի երկխոսությունը։ Այս պլաստիկական գործն ուշագրավ է հատկապես այն պատճառով, որ խախտում է տարածական ընկալման սահմանները․ հայելին ձեւ չունի, այն ներկայացնում է աշխարհը ներառող եւ արտացոլող երկրաչափական կառույցը։
Ալեքսեյ Մանուկյանն այլ խնդիր է արծարծում իր ստեղծագործություններում․ նրա նախագիծը կոչվում է «Սոցիալական էքսպերիմենտ»։ Հեղինակը, այս նախագծի գաղափարին անդրադառնալով, նկատում է․ «Սոցիալական էքսպերիմենտը հաղորդակցման միջոց է համայնքի եւ արվեստագետի միջեւ, որը տեղի է ունենում արվեստի գործերի շնորհիվ, որոնք տեղադրված են համայնքի անցուդարձի հատվածում՝ թողնելով էսթետիկ եւ վիզուալ էֆեկտ: Արվեստի գործերը ստեղծված են համայնքի՝ շրջակա միջավայրից հավաքված թափոններով, որոնք նոր փոխակերպմամբ վերադարձվել են կրկին համայնքին արվեստագետի արտիստականության շնորհիվ…»։
Սարգիս Հովհաննիսյանի նախագիծը եւս ինքնատիպ էր․ այն բացվեց Գյումրու « Բեռլին Արտ» հյուրանոցի ցուցասրահում, որը կոչվում էր «Մետավերս»։ «Metaverse-ը առցանց, եռաչափ տիեզերքի հայեցակարգ է,- նկատում է Սարգիս Հովհաննիսյանը,- որը միավորում է բազմաթիվ վիրտուալ տարածքներ։ Այն թույլ է տալիս աշխատել, հանդիպել, շփվել ու մտածել միասին այս վիրտուալ տարածության սահմաններում։ «Մետավերսի» գոյությունն անհնար կլինի, եթե մշակույթի, արվեստի, իրականության սահմանները չառերեսվեն միմյանց»։
Ի դեպ, այս գաղափարը համապատասխանում է 2022 թվականի ժամանակակից արվեստում եղած ընդհանուր միտումներին եւ մեծապես ոգեշնչված է Վենետիկի բիենալեում արծարծված թեմաներից։ Այս տարվա օգոստոսի 24-28-ը առցանց ձեւաչափով անցկացվեց Metaverse Art Week 2022-ը, որի առանցքում բարձր տեխնոլոգիաների փոխակերպման հնարավորությունն էր ժամանակակից արվեստում եւ ուներ «Աշխարհը ստեղծված է ծածկագրից» (The World is Made of Code) խորագիրը։
Իրենց աշխատանքներով Gyumri Art Week-ի շրջանակում հանդես եկան նաեւ Գոհար Սմոյանը, Գոհար Սարգսյանը, Արման Թադեւոսյանը, Հերվե Կոնստանը, Գոռ Մարգարյանը, Սարգիս Հովհաննիսյանը, Միտյա Լալինը, Ժաննա Մաշարիպովան, Ժան Փանոսեանը եւ Նորբերտ Շմիտտը։
Գյումրու արվեստային շաբաթը եզրափակվեց Օձունում կազմակերպված լիտոգրավյուրայի աշխատանոցով, որը ղեկավարում էր Սարգիս Հովհաննիսյանը․ եզրափակիչ միջոցառմանը մասնակցում էին նաեւ համայնքի երեխաները։ Այսպիսով՝ Gyumri Art Week-ն ինքնատիպ հարթակ դարձակ հայ եւ օտարազգի բազմաթիվ արվեստագետների համար։ Այդ արվեստային շաբաթվա յուրօրինակ փորձը, նախաձեռնողների հավաստմամբ, ապագայում կդառնա շարունակական եւ ավելի ընդգրկուն փառատոն։
Արվեստաբան եւ միջնադարագետ։ Գրում է մշակույթի մասին։ Հետաքրքրության առանցքում են՝ փիլիսոփայությունը, արվեստները, գրականությունը եւ միջմշակութային փոխառնչությունները։