1990 թվականի այս օրը՝ օգոստոսի 29-ին, Հայաստանը հաղթահարեց ներքաղաքական ճգնաժամը եւ խուսափեց քաղաքացիական պատերազմից: Հայոց ազգային բանակը զինաթափվեց, իսկ Հայաստանը շարունակեց ժողովրդավարական ընթացքը:
ՀԱԲ-ը, որ այդ ժամանակ Հայաստանում ձեւավորված բազմաթիվ ջոկատների մեջ ամենամեծն էր, չէր ենթարկվում իշխող Հայոց համազգային շարժման ու խորհրդարանի ղեկավարությանը: Մյուս բոլոր ջոկատները, այդ թվում՝ Լեոնիդ Ազգալդյանի Անկախության բանակը, համագործակցում էին ՀՀՇ-ի եւ Գերագույն խորհրդի պաշտպանության ու ներքին գործերի հանձնաժողովի հետ, որը ղեկավարում էր Վազգեն Սարգսյանը:
1990-ականներին հայկական խոսույթում շատ տարածված էր «հաբ անել» ձեւակերպումը, որ նշանակում էր ինչ-որ մեկից ինչ-որ բան խլել, զավթել, գողանալ:
Օգոստոսի 29-ին Գերագույն խորհուրդը Հայաստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելու որոշում ընդունեց այն բանից հետո, երբ նախորդ գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատներից մեկի մեքենան վրաերթի ենթարկեց պատգամավոր Ռաֆայել Իշխանյանին, մեկ այլ ջոկատի անդամներ գնդակոծեցին Երեւանի բենզակայաններից մեկը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատը, որի հետեւանքով վիրավորվեց 3 մարդ: Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել էր, որի հետեւանքով հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գեղազնիկ Միքայելյանը եւ պատգամավոր Վիտյա Այվազյանը զոհվեցին:
Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ ընդունված որոշմամբ արտակարգ դրություն մտցվեց, ՀԱԲ-ը լուծարվեց, իսկ նրա մարտիկներին կոչ արվեց հանձնելու իրենց ունեցած զենքն ու ռազմամթերքը, զբաղեցրած շենքերը, հափշտակված ռազմական տեխնիկան եւ տրանսպորտային միջոցները: Նրանք, ովքեր կկատարեին պահանջը, ազատվում էին քրեական պատասխանատվությունից, իսկ չենթարկվողները ձերբակալվելու եւ պատժվելու էին օրենքի ամբողջ խստությամբ:
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել էր Անկախության հռչակագիրը, սակայն երկիրը դե-յուրե շարունակում էր մնալ Խորհրդային Միության կազմում:
1990-ի մայիսի 20-ին եւ հունիսի 3-ին կայացած Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՀՇ-ն նվազագույն առավելությամբ հաղթել էր Կոմկուսին:
Օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի՝ խորհրդարանի նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Օգոստոսի 13-ին վարչապետ դարձավ ՀՀՇ-ի առաջնորդներից Վազգեն Մանուկյանը:
ՀԱԲ-ի զինաթափումը կարեւոր էր նաեւ նրանով, որ հոգեվարքի մեջ գտնվող Խորհրդային Միությունը պատրվակ էր փնտրում միջամտելու Հայաստանի ներքին գործերին:
Հուլիսի 25-ին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը ստորագրել էր «ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված սպառազեն կազմավորումների ստեղծումն արգելելու եւ անօրինականորեն զենք պահելու դեպքում այն առգրավելու մասին» հրամանագիրը, որը նախ եւ առաջ վերաբերում էր Հայաստանին:
Դրան ի պատասխան՝ Հայաստանի Գերագույն խորհուրդը հուլիսի 30-ին ընդունեց որոշում, որով Գորբաչովի հրամանագրի կիրարկումը կասեցվում էր «Հայկական ԽՍՀ-ում, ներառյալ Լեռնային Ղարաբաղում»:
Այսպիսով՝ Հայաստանի նոր իշխանությունը թույլ չտվեց, որ ՀԱԲ-ին զինաթափի Մոսկվան, եւ դա արեց իր ուժերով:
ՀԱԲ-ի առաջնորդներից Վարդան Վարդանյանը տարբեր առիթներով ասել է, որ Գեղազնիկ Միքայելյանը եւ Վիտյա Այվազյանը ՀԱԲ-ի գնդակներից չեն զոհվել:
Վարդանյանը ՀԱԲ-ի լուծարումից հետո ձերբակալվեց «առանձնապես չարամիտ խուլիգանության, ապօրինի զենք կրելու եւ զենքի ուժով հասարակական կարգը խախտելու» հոդվածներով: Որոշ ժամանակ անց նա ազատ արձակվեց:
Հետմահու՝ 1996 թվականի սեպտեմբերին, Վիտյա Այվազյանը եւ Գեղազնիկ Միքայելյանը արժանացան Հայաստանի Ազգային հերոսի կոչման:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։