ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մամուլի ծառայությունից հայտնել են, որ առանց մաքսատուրք վճարելու առցանց գնումներ անելու արտոնյալ ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերի 1-ին։ Դա նշանակում է, որ քաղաքացիները մինչեւ հոկտեմբերի 1-ը կարող են տարբեր կայքերից մինչեւ 200 հազար դրամի գնումներ կատարել՝ չվճարելով մաքսատուրք։
Ֆիզիկական անձը կարող է օրվա մեջ մի քանի տարբեր կայքերից գնումներ անել եւ այդ առաքանիները ներմուծել Հայաստան: Արտոնության սահմանաչափը կիրառվում է յուրաքանչյուր առաքանու համար:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ՝ ֆիզիկական անձանց անձնական օգտագործման համար առցանց անմաքս առեւտրի թույլատրելի շեմը նախկին 200 եվրոյի փոխարեն մարտի 31-ից վեց ամսով սահմանվել է 200 հազար դրամ:
Արտոնության ժամկետը երկու ամսից ավարտվում է։ Կսահմանվի արդյոք նոր արտոնություն, կամ կերկարացվի գործող արտոնության ժամկետը՝ դեռ հայտնի չէ։ Հատկապես որ ՊԵԿ–ում բացահայտել են ոչ անձնական օգտագործման համար, առեւտրային նպատակով մեծաքանակ ներմուծումների դեպքեր, որոնց պատվիրատուներին պարտադրվել է մաքսազերծել առցանց գնված ապրանքը։
ՊԵԿ-ի տվյալներով` 2022-ի հունվար-օգոստոսին Հայաստան է ներմուծվել 1 միլիոն 243 հազար առաքանի՝ ըստ հասցեի ուղարկվող ծանրոց, փաթեթ, նամակ, փաստաթուղթ, բեռ, ապրանք՝ տարբեր չափերի եւ պարունակության փոստային փաթեթ: