Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը հայտնել է, որ ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց հատվածում: Նա նշել է, որ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու ժամանակավոր այդ հատվածն ամբողջությամբ ասֆալտապատված է։ Ըստ խոսնակի՝ այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհը։
«Նոր երթուղին արդեն գործում է մինչեւ Արցախը Հայաստանին կապող միջանցքի հիմնական ճանապարհահատվածի կառուցման ավարտը: Ներկայում ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ ու վերահսկողություն են իրականացնում»,– շեշտել է Պետրոսյանը։
Նրա հավաստմամբ` ճանապարհն ամբողջ տարվա ընթացքում սպասարկելու են համապատասխան մասնագետները, եւ անկախ եղանակային պայմաններից՝ երթեւեկությանն առնչվող խնդիր չի առաջանալու։
Ավելի վաղ Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 30-ին՝ 20:00-ին, Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր երթուղով` Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով։