Օգոստոսի 30-ին Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա առթիվ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի ուղերձում նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2022-ի օգոստոսի տվյալներով 44-օրյա պատերազմի հետեւանքով 303 անձ Հայաստանից դեռեւս անհայտ կորած է համարվում:
Ըստ Պաշտպանի՝ մարդկանց բռնի անհետացումները մարդու իրավունքների բազմակի եւ շարունակական խախտումներ են, որոնք սկսվում են պետության ներկայացուցիչների եւ պաշտոնատար անձանց թույլտվությամբ կամ համաձայնությամբ, ինչին հաջորդում է անհետացած անձի գտնվելու վայրի ժխտումը կամ թաքցնելը:
«Մարդկանց բռնի անհետացումները ծայրահեղ ծանր ազդեցություն ունեն ինչպես զոհերի վրա, ովքեր հաճախ ենթարկվում են խոշտանգումների եւ ապրում իրենց կյանքի համար մշտական վախի մեջ, այնպես էլ նրանց ընտանիքների վրա, ովքեր անտեղյակ են իրենց հարազատների ճակատագրից եւ ապրում են նրանց վերադարձի չփարատվող սպասումով»,- նշված է ՄԻՊ-ի ուղերձում:
Պաշտպանը նշել է, որ գերիների եւ անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների չտրամադրման կամ այդ տեղեկությունների աղճատման ադրբեջանական իշխանությունների շարունակվող գործելակերպը մարդու իրավունքների հարցերը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված քաղաքական նպատակներով օգտագործումն է։
«Ցավալիորեն բռնի անհետացումների դեպքերին միջազգային արձագանքման մեխանիզմներն այս օրերին դրսեւորում են իրենց արդյունավետության պակասը, ինչն այս ուղղությամբ բոլոր դերակատարների հետ միայն ակտիվ աշխատելու պատճառ է»,- ասված է Պաշտպանի ուղերձում։
ՄԻՊ-ը կոչ է արել միավորելու ջանքերը և ձեռնարկելու անհրաժեշտ միջոցառումներ բռնի անհետացած անձանց գտնելու եւ նրանց ու նրանց ընտանիքների իրավունքների արդյունավետ երաշխավորման ուղղությամբ։