Օգոստոսի 30-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 2010-ին սահմանած Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
«Մարդկանց հարկադրված կամ բռնի անհետացումն իր բնույթով մարդու հիմնարար իրավունքների խախտում է․ այն ոտնահարում է մարդու իրավունքների մի ամբողջ շարք՝ հաստատված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Բռնի անհետացումից բոլոր անձանց պաշտպանության միջազգային կոնվենցիայով, ինչպես նաեւ Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերով եւ մարդու իրավունքների այլ միջազգային հիմնական փաստաթղթերով»,- ասված է հայտարարությունում:
Հայտարարության մեջ նշվում է, որ հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների, նրանց թվում՝ քաղաքացիական անձանց, իսկ Ղարաբաղյան առաջին եւ 44-օրյա պատերազմների հետեւանքով հարյուրավոր անհայտ կորածների եւ բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված։
ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցության բացակայությունն անհնարին է դարձնում անհայտ կորած անձանց թվի ճշգրիտ գնահատումը եւ անհետացածների ճակատագրի կամ գտնվելու վայրի եւ ողջ լինելու վերաբերյալ հավաստի տեղեկությունների ձեռքբերումը։
«Ադրբեջանը շարունակում է անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները՝ Ադրբեջանում հայ պատանդների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, ինչպես նաեւ Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021-ի դեկտեմբերի 7-ին ներկայացված հրատապ միջոցները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական եւ խտրական քաղաքականությունը»,-ասված է հայտարարության մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը միջազգային հանրությանը հորդորում է պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածք անվերապահ մուտքի ապահովման համար, որը կարող է մեղմել առկա հումանիտար ճգնաժամը, եւ վերահաստատում բռնի անհետացումների անպատժելիությանը վերջ դնելու իր կոչը։