Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախանշված Փաշինյան-Ալիեւ չորրորդ հանդիպմանն ընդառաջ Եվրամիության նախագահ Շառլ Միշելը օգոստոսի 30-ին հեռախոսազրույցներ է ունեցել երկու կողմերի հետ։
ԵՄ նախագահը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ նախապատրաստական զանգեր է ունեցել Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ տեղի ունենալիք չորրորդ հանդիպմանն ընդառաջ։
ՀՀ վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Փաշինյանն ու Միշելը հեռախոսազրույցում անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարեւորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:
Նիկոլ Փաշինյանը եւ Շառլ Միշելը քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Շառլ Միշելը Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրամիության կազմակերպած հանդիպման օրակարգը: