Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովի ներկայացուցիչ Իսմայիլ Ախունդովը հայտարարել է, որ օգոստոսի 30-ին Բաքվում անհետ կորածների հարցերով համաժողովի ընթացքում Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած 138 ադրբեջանցիների մասունքները։
«Հայկական կողմը միայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո է փոխանցել մասունքները, որոնք պատկանում են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում ենթադրաբար 138 անհետ կորածների»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հաբիբ Միքայիլին նույն համաժողովում հայտարարել է, որ Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկվել է անհայտ կորածների հարցերով համատեղ հանձնաժողով ստեղծել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեխանիզմով:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին հայտարարել է, որ մինչ օրս «3890 ադրբեջանցիների ճակատագրեր անհայտ են»։ «Կոչ ենք անում Հայաստանի վրա ճնշում գործադրելու, որպեսզի կատարի միջազգային իրավունքի շրջանակներում պարտավորությունները»,- ասել է Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը: