Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը մամուլի հաղորդագրություն եւ տեսահոլովակ է հրապարակել ՝ Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհետ կորած հայ հարազատների վկայություններով։
«Այսօր Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որի նպատակն է իրազեկել կառավարություններին, համայնքներին, լրատվամիջոցներին եւ հանրությանը զինված հակամարտության, բռնության, գաղթի ու բնական աղետների հետեւանքով անհետ կորած անձանց խնդրի ու նրանց ընտանիքների վշտի ու կարիքների մասին։ Այսօր մենք նաեւ հարգանքի տուրք ենք մատուցում անհետ կորած անձանց ընտանիքներին»,- ասված է ԿԽՄԿ հայտարարության մեջ։
Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում 90-ականներից ի վեր եւ 2020-ի սրացումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն գրանցել է զինվորական եւ քաղաքացիական ավելի քան 4900 անձի որպես անհետ կորած։ Նրանց ընտանիքները շարունակում են ապրել անորոշության մեջ՝ հույսի եւ հուսալքության սահմանագծին՝ չկարողանալով հաշտվել հարազատների ճակատագրի անհայտության հետ։
Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն զորակցություն է հայտնել անհայտ կորած անձանց ընտանիքներին:
«Անհայտ կորած անձի ճակատագիրը պարզելը նախեւառաջ մարդասիրական գործողություն է, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքով ամրագրված պետության պարտավորություն։ Ժամանակն այս հարցում անզոր է բուժել, պատասխաններ են անհրաժեշտ։ Ուստի մենք հանձնառու ենք աջակցելու կողմերին այս կարեւորագույն խնդրի լուծման ուղղությամբ առաջընթացի հարցում»,- շեշտել է Ռիբոն:
Միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ստանձնած իր հանձնագրին համահունչ՝ ԿԽՄԿ-ն իր փորձագիտական աջակցությունն է տրամադրում ղարաբաղյան հակամարտությունից տուժած տարածաշրջանին՝ հանդես գալով որպես չեզոք միջնորդ եւ խրախուսելով կողմերին անելու հնարավորը անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ:
ԿԽՄԿ-ն չեզոք, անկողմնակալ եւ անկախ մարդասիրական կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված հակամարտությունից եւ բռնության այլ իրավիճակներից տուժած մարդկանց կյանքը եւ արժանապատվությունը։ Կազմակերպությունը ծավալում է իր մարդասիրական գործունեությունը տարածաշրջանում 1992-ից ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։