Նրանք ծնվել են Արցախում, ապրում են երկու հայրենիքների տարբեր անկյուններում եւ արդեն երկրորդ տարին հանդիպում են Լոռիում՝ ցավը մեղմելու եւ ուրախությունը բազմապատկելու։ Նրանք պատերազմ տեսած, պատերազմում իրենց հայրերին կորցրած, իրար ծանոթ կամ անծանոթ արցախցի երեխաներ են, որ ամռան մեկ շաբաթը միասին են անցկացնում «Հայորդի» ճամբարում։
Պատերազմից հետո կորստի ցավը մեղմելու, մեկ այլ միջավայրում նրանց համախմբելու, ապա կրթելու եւ աջակցելու գործը ստանձնել է Վաչե Վարդանյանը։ Արդեն երկու տարի նա օգնության տարբեր ծրագրերով Արցախում է։
․․․որ երեխաները երազանքներ ունենան
«Հայորդի» ճամբարում այս տարի շուրջ հարյուր երեխաներ են Արցախի բոլոր շրջաններից։ Նրանց կողքին որպես ջոկատավար պատերազմում ծանր վիրավորված տղաներն են եւ զոհվածների կանայք։ Ինչպես Վաչե Վարդանյանն է ասում, ցավը կրողը դարձել է ուրիշի ցավը փարատող։ Ճամբարում առաջին անգամ Աղավնոյից էլ երեխաներ կան։ Գյուղին վերջին հրաժեշտից առաջ են այստեղ եկել։
«Սա մասշտաբով ամենամեծ հավաքն է պատերազմից հետո։ Անցած տարի հիսուն երեխա էին, էս տարի որոշեցինք ավելացնել։ Միավորել ենք ե՛ւ տեղահանված, ե՛ւ մյուս շրջանների զոհվածների էրեխեքին ու շատ մեծ դժվարությամբ ենք դա արել․ նրանց կեսը Երեւանում, կեսը Արցախում, տարբեր համայնքներում են։ Աղավնոյի էրեխեքին էլ ընդգրկեցինք, որ տեղահանման պրոցեսներին չմասնակցեն»,- պատմում է Վաչեն։
Ճամբարի նախապատրաստական փուլը հինգ ամիս է տեւել։ Աջակցել են անհատներ եւ կազմակերպություններ։ Վաչեն ասում է՝ ընկերներից մեկը մեքենան է վաճառել եւ շուրջ 2 մլն դրամ տվել, հետո դրամահավաքին «Պրեգոմեշ»-ն է միացել, աճուրդի հանել յուրօրինակ զարդեր եւ գումար նվիրաբերել։ «Հայ կրթական հիմնարկությունն» էլ երեխաների համար գրենական պիտույքներով լի պայուսակներ է տրամադրել։ Իսկ «ամենամեծ օգնությունները» սովորական մարդիկ են ցույց տվել։
«Իրականում էս ամեն ինչի խորհուրդը դժվար է բացատրել, որովհետեւ երբ ասում ես, թե ովքեր են էստեղ, էլ ասելիք չի մնում։ Հոր կորստից հետո էրեխեքը նաեւ կորցրել են տուն, գյուղերը սահմանամերձ են դարձել։ Միշտ ցավի ու պայքարի մեջ են։ Ու էս մի քանի օրվա նպատակը ոչ թե էրեխեքի հանգիստն է, այլ որ վերագտնեն իրենց։ Երբ հարցնում ենք՝ դուք ինչ երազանքներ ունեք, մեծ մասն ասում է՝ չունենք կամ խաղաղություն ենք ուզում։ Կամ զինվոր դառնալու մասին են երազում»,- անթաքույց հուզմունքով ասում է Վաչեն։
Հայրենիքը սիրել գնդապետ Շաքարյանի օրինակով
«Հայորդի» հայրենասիրական ճամբարն այս տարի նվիրված է բանակի նվիրյալ, հրամանատար, գնդապետ Սերգեյ Շաքարյանի հիշատակին։ Խորհուրդը մեկն է՝ շարունակել նրա ազգանվեր գործը, ինչպես որ հրամանատարի ընտանիքն է անում՝ անտեսելով կորուստն ու վիշտը։
«Նա մեր բանակի ամենալավ ղեկավարներից մեկն է եղել, նրա մասին ոչ ոք վատ բան չի ասել։ Իրականում շատ դժվար է լինել ղեկավար, եւ քո մասին վատ բան չասեն, մանավանդ երբ զինվորների ես ղեկավարում։ Նրա ընտանիքը կորցրել է տունը, ամեն ինչ, բայց էդքանից հետո նրա որդին ծառայում է հիմա։ Նվիրյալ ընտանիք են։ Եվ նրանց օրինակով այսօր մյուս զոհված տղաների ընտանիքները, կանայք են այստեղ։ Տղաները չկան, բայց նրանց կանայք խումբ են ղեկավարում։ Խորհուրդ ու ցավ կա սրա մեջ, որովհետեւ մարդկանց մեջ տպավորություն է, որ պատերազմում Արցախից քիչ են եղել զոհերը»,- մանրամասնում է Վաչեն։
Համախմբվել ի նպաստ Հայաստանի եւ Արցախի
«Հայորդի»-ին զինվորագրված ջոկատավարներից Հռիփսիմե Մայիլյանը փոխգնդապետ Դավիթ Ղազարյանի կինն է։ Ամուսնու հետ Հադրութում թեեւ վեց տարի է ապրել, բայց Արցախն իր տունն է համարում։ Եվ ճամբարին միանալու առաջարկն ընդունել է «առանց երկար-բարակ մտածելու»։
«Էրեխեքի հետ էի ուզում ծանոթանալ, որովհետեւ իմ էրեխեքն ու նրանք բախտակից են, նույն ցավն ունեն։ Եվ նրանց նպատակներն էլ, ծրագրերն էլ ու ամեն ինչ Արցախի հետ են կապված։ Նրանք պատերազմ են տեսել, կորուստ, էսօր թշնամու հետ դեմառդեմ ապրում են շատերը, բայց չեն վախենում։ Հենց դա է հողը սիրելը»,- ասում է Հռիփսիմեն։
Նույն ապրումներով, նույն մտքերով, բայց ավելի շատ կարեւոր գործին օգուտ տալու նպատակով է երկու որդիների հետ ճամբար եկել հադրութցի Արմինե Մնացականյանը։ Նա փոխգնդապետ Խորեն Օհանյանի այրին է։
«Էստեղ բոլոր էրեխեքն էլ ասես նույնն են զգում․․․ կարոտում են։ Գոնե հայրենիք չկորցնեինք, երեխաներին կբացատրեի, թե հանուն ինչի զոհվեցին իրենց հայրերը: Գոնե իրենց հայրերի ստեղծած տները մնային, որ հիշողություն ունենային»,- լացը զսպելով՝ ասում է Արմինեն։
Ճամբարում ջոկատավար տղաները Վաչե Վարդանյանի ընկերներն են, պատերազմում վիրավորված այն զինվորները, որոնց հետ պայքարի, կյանք վերադառնալու դժվար ճանապարհ են անցել։ Ու շարունակում են միասին լինել ի նպաստ Հայաստանի եւ Արցախի գործերում։
«Այս ճամբարը կազմակերպել ենք, որպեսզի Արցախի երեխաներին կարողանանք միավորել մեկ վայրում, որ կապը նրանց միջեւ չկտրվի։ Թեկուզ կարճ ժամանակ շփվելով՝ նրանք կարողանում են մոռանալ իրենց ծանր կորուստը եւ ինտեգրվում են միջավայրին․ տրամադրությունն այս մեկ շաբաթում բավականին լավ է եղել»,- ասում է Վոլոդյա Ավդալյանը, ապա նշում՝ միասնական լինել պետք է սովորեցնել շատ փոքր տարիքից․ միայն այդպես հայրենիքը կդառնա ամուր եւ հզոր։
Միասնության մասին նաեւ Սեյրան Սողոյանն է խոսում։ Նրա կարծիքով պատերազմից հետո մարդիկ չարացել են, հեռացել Աստծուց։ Իսկ ճամբարում բոլորը միասնական են, բարի, ու ամեն ինչ հաջողվում է։
«Եթե ճամբարի հասարակությունն ավելի մեծ լինի, նույն էֆեկտը կունենանք «պետություն» հասկացության մեջ։ Ժամանակ է լինում, երբ էրեխեքն են մեզ ինչ-որ բաներ սովորեցնում, ուժ տալիս։ Ոչ մեկն ընկճված չի էստեղ, դա մեզ շատ է ուրախացնում։ Գիտեն համարյա բոլոր հայկական պարերը, ինչն ուղղակի զարմացնում է։ Հոգեբաններ աշխատեցին երեխաների հետ։ Մինչ այդ նրանցից շատերն ասում էին, որ երազանքներ չունեն։ Հետո պատը, որտեղ գրում են, ամբողջությամբ փոխվեց, լցվեց երազանքներով»,- պատմում է Սեյրանը։
Հայրենաճանաչություն եւ կապն ամրապնդող ծրագրեր
«Հայորդի» ճամբարի վեց օրերի ընթացքում մասնակիցները հանդիպել են հաջողությունների հասած մարդկանց, հոգեբանների, հոգեւորականի, մասնակցել նաեւ ազգային երգուպարի, նկարչության եւ ասեղնագործության դասերի։ Ծրագրի հիմնական ուղղվածությունը ոչ թե ժամանցը, այլ հայրենաճանաչությունն է եղել։
Վաչե Վարդանյանն ասում է՝ IDBank-ի հետ համագործակցությամբ եւ մասնագետների օգնությամբ երեխաները նաեւ իրենց երազանքներն են ծրագրերի վերածել։
Ըստ բնակության վայրի հինգ խմբերի բաժանված երեխաները ճամբարի վերջին օրը ներկայացրին իրենց կազմած բիզնես-ծրագրերը, որոնցով օգնելու են իրենց համայնքներին։ Հաղթող ծրագրերը երեքն էին, որոնք էլ ֆինանսավորվելու են։
Երրորդ տեղը գրաված Սոս եւ Թաղավարդ խմբի երեխաներն առաջին բուժօգնության դասեր են կազմակերպելու։ Դրմբոնի պատանիները բիզնեսը փայտի փորագրության ուղղությամբ են տանելու։ Իսկ հաղթող «Աղավնո» բրենդը հայկական զարդանախշերով հագուստ է ստեղծելու։
«Մենք նպատակ ունենք, որ Աղավնոյի էրեխեքն իրար հետ կապը պահեն։ Ու էս ծրագիրը հենց էդ կապերից մեկն է լինելու»,- ասում է Վաչեն, ապա շարունակում՝ ճամբարից հետո էլ երեխաների հետ աշխատանքը շարունակվում է։ Սկսվում է նոր փուլ, որպեսզի նրանք իրենց ստացած գիտելիքներով հաջողության հասնեն։
«Անցած տարվա ճամբարից հետո մեծ ծանոթություններ ենք ձեռք բերել։ Մեր ջոկատավարներից ընկեր Էրիկը ծրագրավորող էր, ու նրա աջակցությամբ ես հիմա օնլայն վեբ-ծրագրավորում եմ սովորում, ծրագրավորման լեզուներ։ Նրանք ինձ նաեւ աշխատանքով կապահովեն»,- ասում է Ալիսա Թավադյանը, որ այս տարի արդեն ջոկատավարի օգնական է «Հայորդի» ճամբարում։
Ցանկություններ հրաժեշտից առաջ
Արցախցի ճամբարականների վերջին օրն է Լոռիում։ Շուրջպար են բռնել թաց աչքերով։ Նրանցից շատերն Արցախում դեռ տեսնելու են իրար։ Իսկ կարմիր կտուրներով գյուղի երեխաները չգիտեն՝ հաջորդ անգամ երբ եւ որտեղ կհանդիպեն։
«Որ եկանք այստեղ, տխրությունը մի քիչ ցրվեց, որովհետեւ նորից հնարավորություն ունեցանք տեսնելու մեր գյուղի էրեխեքին, մեր կարոտը առնելու, գաղտնիքներով կիսվելու, ոնց որ միշտ»,- ասում է Լուսինեն։
Ընկերուհու ընդհատված խոսքը Աիդան է շարունակում. «Մենք երեխաներով տասներկու տարի է՝ իրար ճանաչում ենք։ Հիմա ես պետք է գնամ Գորիս, Լուսինեն՝ Չարենցավան, Փալիկը՝ Էջմիածին։ Օրերը շատ լավ անցան, ոնց որ մեր տան բակում»։
Մանեն Աղավնոյից չէ, բայց նա նույնպես Արցախ չի վերադառնալու։ Հադրութի իրենց Այգեստանը շատ կարոտելով՝ Երեւան է գնում։
Իսկ 14-ամյա Գոհարը Արցախից կարոտն առնում է Մարտակերտում մորեղբորը մեկ-մեկ այցելելով։ Ասում է՝ այստեղ դիպուկահար կդառնա, հետո կվերադառնա։
«Իմ պապան դիպուկահար էր, ու ես շատ հպարտ եմ, որ հերոսի դուստր եմ։ Ես ուզում եմ ուժեղ մնալ։ Նկարչուհի եմ դառնալու, բացի դրանից՝ ուզում եմ օգնել մանկատան երեխաներին, որովհետեւ մենք ծնողներ, ազգականներ ունենք, իսկ իրենք ոչ մեկին չունեն։ Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է միասնական լինեն, պիտի իրար վստահեն, որ մենք է՛լ չպարտվենք։ Պիտի հայրենիքը շատ սիրես, որ չկորցնես»,- իննամյա Նարեի մտքերն են հրաժեշտից առաջ։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։