Ռուսաստանի արտգործնախարարության լրատվամիջոցների համար տարածված հաղորդագրության մեջ ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերելու Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանազատման վերաբերյալ երկու երկրների պատվիրակությունների բանակցություններին:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահ Ի. Հ. Ալիեւի, Հայաստանի վարչապետ Ն. Վ. Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վ. Վ. Պուտինի 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությանը համապատասխան՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանազատման՝ դրա հետագա սահմանագծմամբ երկկողմ հանձնաժողովի հանդիպումը: Կողմերի պատվիրակությունները գլխավորել են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետներ Շ. Ա. Մուստաֆաեւը, Մ. Հ. Գրիգորյանը եւ Ա. Լ. Օվերչուկը:
Միջոցառմանը նախորդել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաեւ մայիսի 24-ին երկու երկրների սահմանին Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների առաջին հանդիպման անցկացումը:
Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերելու երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների բանակցություններին, սահմանի մոտ կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը:
ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել է նաեւ, որ նոր հանդիպման ժամկետները կհամաձայնեցվեն լրացուցիչ դիվանագիտական ուղիներով։