Ավստրիայի էկոնոմիկայի պալատի հացթուխների դաշնային ասոցիացիայի ղեկավար Յոզեֆ Շրոտը հայտարարել է, որ Ավստրիայում հացի փռերի մեծ մասը փակվելու եզրին է գազի եւ էլեկտրաէներգիայի գների կտրուկ աճի պատճառով:
«Էներգածախսերը գրեթե տասն անգամ ավելացել են անցյալ տարվա համեմատությամբ: Հացի բազմաթիվ փռեր դիտարկում են փակվելու հնարավորությունը»,- PULS 24 հեռուստաալիքի եթերում հավելել է Շրոտը:
Հեռուստաալիքը նշում է, որ հացաթխման արդյունաբերությունը շատ էներգիա է պահանջում վառարանների եւ խմորի հովացուցիչների աշխատանքի համար: Առեւտրի եւ արհեստագործությունների դաշնային վարչության տվյալներով՝ համեմատաբար շահավետ պարտավորագրերով աշխատող հացի ոչ մեծ տարածաշրջանային փռի համար էներգիայի ծախսերն աճել են՝ տարեկան 17,6 հազար եվրոյից հասնելով 54 հազար եվրոյի:
Ավստրիայի էկոնոմիկայի պալատի տվյալներով՝ գազի գները տարեսկզբից աճել են՝ 1 կիլովատտ-ժամի դիմաց 2,9 ցենտից հասնելով 23-28 ցենտի՝ կախված պարտավորագրից կամ 38,3 ցենտի՝ կանխիկ շուկայում:
Այդ նույն ժամանակաշրջանում էլեկտրականությունը 5 ցենտից թանկացել է եւ, կախված մատակարարից եւ պարտավորագրից, հասել 20-70 ցենտի: Վերջին ամիսներին հացահատիկի եւ ալյուրի գները նույնպես կտրուկ աճել են:
Ցորենի գինը Փարիզի Euronext ապրանքային ֆյուչերսների սակարանում վերջերս 1 տոննայի դիմաց եղել է 330 եվրո, ինչը 32%-ով ավելի է անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: