Միացյալ Նահանգները կոչով դիմել է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին՝ հորդորելով ինտենսիվացնել դիվանագիտական ներգրավվածությունն ու հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի։
Անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Պետդեպարտամենտը օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ նախատեսված հանդիպումից, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան։
Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 31-ին Բելգիայի մայրաքաղաքում նախանշված հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը։ «Սակայն այս գործընթացի առումով Հայաստանի կողմից տեսնում ենք վարանում»,- ասել է նա։
Հայկական կողմը Հաջիեւի հայտարարությունը չի մեկնաբանել` հորդորելով հետեւել հանդիպման վերաբերյալ պաշտոնական լրահոսին։
Օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն չորրորդ անգամ։ Մինչ այս Փաշինյանն ու Ալիեւը Բրյուսելում արդեն երեք հանդիպում են անցկացրել՝ 2021-ի դեկտեմբերի 14-ին, 2022-ի ապրիլի 6-ին եւ մայիսի 23-ին։