ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնել են, որ 2022-ին դպրոցներում առաջին դասարան կհաճախեն 2016-ին ծնված երեխաները, ըստ որի՝ ակնկալվում է, որ առաջին դասարանցիների նախնական թիվը կլինի մոտ 40 հազար: Նախարարությունից հավելել են, որ վերջնական թիվը պարզ կդառնա սեպտեմբերի 10-ին, երբ դպրոցները ավարտած կլինեն էլեկտրոնային համակարգում վերջնական տվյալների մուտքագրումը:
Գնահատման թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) հրապարակած տվյալներով՝ միասնական քննություններին մասնակցել է 11 հազար 587 դիմորդ, որոնցից բուհ է ընդունվել 7246-ը, անբավարար է ստացել 3076-ը: Բուհ դիմած, միասնական քննություններին մասնակցած եւ դրական միավորով չընդունված դիմորդների թիվը 791 է:
Ընդունելության հիմնական փուլի արդյունքներով բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել էր 1433-ը, իսկ 21 հազար 761 վճարովի տեղերից՝ 6518-ը. 550 անվճար ու ավելի քան 15 հազար վճարովի տեղ մնացել է թափուր: Ընդունելության քննության մրցույթի երկրորդ փուլին՝ թափուր մնացած տեղերի համար, արդեն հանձնված քննությունների արդյունքներով, հայտագրվել է 772 դիմորդ: Նրանցից 755-ն ընդունվել է նշած մինչեւ 6 մասնագիտություններից մեկով, 17-ը չի ընդունվել: