Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով երկրի դեսպանների համաժողովի բացմանը, վերստին հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու օգտին։
«Մենք պետք է շարունակենք խոսել բոլորի հետ… հատկապես նրանց, որոնց հետ համաձայն չենք: Ոչ ոք շահագրգռված չէ, որ Թուրքիան լինի աշխարհում միակ երկիրը, որը շարունակում է խոսել Ռուսաստանի հետ։ Դիվանագետների գործը բոլորի հետ բանակցելն է»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում տեսնում է իր դերը:
Մակրոնը նաեւ հորդորել է թուլություն չցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ եւ փոխզիջումների չգնալ։
Միեւնույն ժամանակ Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան մտադիր է բանակը դարձնել հագեցվածությամբ առաջինը Եվրոպայում։ «Ընդունել ենք մինչեւ 2024-ի սպառազինությունների ծրագիրը, որի շնորհիվ հնարավորություն կընձեռվի վերականգնելու մեր հնարավորությունները, եւ ռազմավարությունը հարմարեցրել ենք արդի իրավիճակին»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:
Անդրադառնալով Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցություններին՝ Ֆրանսիայի ղեկավարը հույս է հայտնել, որ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը մոտ օրերս կկնքվի: