Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ համավարակը եւ կառավարությունների կիրառած սահմանափակումները բացասաբար են անդրադարձել տնտեսության վրա։ Արդեն իսկ 2020-ին համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 3,4%-ով։ Հարավային Կովկասի տնտեսության անկումն ավելի մեծ է եղել՝ -5,3%, ինչը միայն համավարակին չի առնչվում:
Առաջին 7 ամիսներին Վրաստանի տնտեսության աճի միջին տեմպը 10,2% է
2021-ին վրացական տնտեսության վերականգնման տեմպերն ավելի բարձր են եղել Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսածից։ Տնտեսության վերականգնման այս տեմպերը շարունակվել են նաեւ այս տարի։ Մարտին տնտեսությունն աճել է 10,6%-ով, իսկ ապրիլին՝ 2,6%-ով։ Նույն տարվա մայիսին աճի տեմպը եղել է 25,8%, ընթացիկ տարվա 5-րդ ամսում այն 11,6% էր։ Հունիսին Վրաստանի տնտեսությունն աճել է 7,2%-ով, հուլիսին աճը եղել է 9,7%։ Իսկ այս տարվա առաջին 7 ամիսներին աճի միջին տեմպը 10,2% է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 12,2% էր։
Առաջին կիսամյակում Ադրբեջանի տնտեսության աճը եղել է 6,2%
Ադրբեջանի իրական տնտեսության ծավալը 1,1%-ով գերազանցել է մինչ համավարակը եղած մակարդակը։ Ընթացիկ տարվա հունվար-մարտին Ադրբեջանի իրական տնտեսության ծավալը 7,7%-ով գերազանցել է նախահամավարակային շրջանը, որը փետրվարին դեռ 3,3% էր։ Դա պայմանավրոված է մարտին նավթի գների կտրուկ աճով։
Մասնավորապես, Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման եւ սահմանված պատժամիջոցների պատճառով նավթի գներն աճել են, իսկ նավթագազային արդյունաբերությունը գերիշխող է Ադրբեջանի տնտեսությունում։ Իրավիճակը չի փոխվել անգամ ապրիլին, հունվար-մայիսին տնտեսական աճը եղել է 7,2%, 2021-ի նույն ժամանակահատվածում այն 0,8% էր։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանի տնտեսության աճը եղել է 6,2%, ինչը 3,5 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա 7 ամիսների ցուցանիշը։
Առաջին 7 ամիսներին Հայաստանի տնտեսության աճի տեմպը եղել է 13,1%
Համավարակից հետո Հայաստանում անբարենպաստ իրավիճակ էր տնտեսության վերականգնման առումով: Բացի համավարակի պատճառով տնտեսական սահմանափակ ակտիվությունից՝ Հայաստանի պարագայում լրացուցիչ բացասական հանգամանք էր 44-օրյա պատերազմը։ Հետեւաբար 2021-ին Հայաստանի տնտեսության չափը 2,0%-ով ցածր կլինի մինչեւ համավարակը եղած մակարդակից։
Այս տարվա մարտին Հայաստանի տնտեսության աճը եղել է 6,7%, իսկ առաջին եռամսյակի աճը 9,6% էր, ինչը համավարակին նախորդած ժամանակահատվածի համեմատ աճել է 7,4%-ով։ Արդեն մայիսից տնտեսության աճի տեմպերն ավելի բարձր են եղել, քանի որ աճն այս ժամանակահատվածում եղել է 13,0%, իսկ հունիսին հասել է 18,3%-ի։ Հայաստանի տնտեսությունը հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 19,4%-ով։ Այսպիսով՝ ընթացիկ տարվա 7 ամիսներին աճի տեմպը եղել է 13,1%, 2021-ի նույն ժամանակահատվածում այն եղել է 5.0%։
Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Վրաստանում եւ Ադրբեջանում տնտեսության վերականգնման տեմպերը դրական էին, ինչը զգալիորեն անբարենպաստ էր Հայաստանի պարագայում։
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ այս տարի Վրաստանի տնտեսությունը կաճի 5,5%-ով, սակայն դա ակնհայտորեն հոռետեսական սցենարի նշան է, քանի որ աճի միտումը ներկա փուլում համեմատաբար բարձր է։