Սեպտեմբերի մեկին Շիրակի մարզում անցնող տարվա հինգի փոխարեն տասը դպրոցում առաջին զանգը չհնչեց․ աշակերտ չկա։ Մեկական աշակերտ ունեցող դպրոցների թիվն ինչպես անցնող, այնպես էլ այս տարի նույնն է՝ երեքը։ Աղվորիկ, Ջրաձոր, Գտաշեն հեռավոր գյուղերում մեկ աշակերտով առաջին դասարաններ են ձեւավորվել։
Ախուրյան համայնքի Լեռնուտ գյուղի միջնակարգ դպրոցը ոչ միայն չունի առաջին դասարանցի, այլեւ դպրոցի շենք։ Տնակային պայմաններում կոմպլեկտավորված դասարաններում տասներկու աշակերտ է սովորում։ Դպրոցում այս տարի վերջին զանգը նույնպես չի հնչի․ տասներկուերորդ դասարանցի էլ չունեն։ Տնօրեն Արմեն Կոստանյանն ասում է՝ գրություն են ուղարկել մարզպետարան, առաջարկել դասերն անցկացնել գյուղի նորակառույց համայնքային կենտրոնի առաջին հարկում։ Այս տարի չեն հասցրել տեղափոխվել, քանի որ համայնքային կենտրոնը դեռ չի ջեռուցվում։ «Որ տեղափոխվենք նոր տարածք ու կրկին խնդիրներ ունենանք, էլ գնալու իմաստը որն է»,- ասում է դպրոցի տնօրենը։
Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի տվյալով վերջին հինգ-վեց տարիներին մարզում աշակերտների թվի աճ կա. ավելի շատ ընդունվում են, քան ավարտում։ Այս տարի մարզի դպրոցներն ունեցել են 1659 շրջանավարտ, ընդունել են նախնական տվյալներով 3007 առաջին դասարանցի։
Այստեղ թվերը հակասում են տրամաբանությանը։ Ավարտողների համեմատ ընդունվողների թիվը գրեթե կրկնապատկվում է, միեւնույն ժամանակ կրկնապատկվում է նաեւ գյուղերում առաջին դասարանցի չունեցող դպրոցների թիվը։
Այսինքն՝ գյուղերը դատարկվում են, երիտասարդներն ապագա չեն տեսնում հարազատ գյուղում։ Ասել, որ լավ օրից են գնում, անտրամաբանական է։ Հաշվարկելու մեծ ունակություն հարկավոր չէ՝ հասկանալու, որ այսօրվա դատարկ դպրոցը վաղվա դատարկ գյուղն է։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։