Եթե քաղաքականության մեջ առհասարակ հնարավոր է մեկի գրպանն ինչ-որ բան գցել, ուրեմն ԽՄԿԿ վերջին գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ առաջին, վերջին ու միակ նախագահ Միխայիլ Սերգեեւիչ Գորբաչովն այդ խարդավանքի ամենատիպական «զոհն» է։
ԽՍՀՄ պատմությունը ոչ դպրոցական կամ բուհական դասագրքերով ուսումնասիրած մարդիկ գիտեն, որ Ստալինի ժամանակներից (համենայնդեպս հետպատերազմական շրջանի) մինչեւ Յուրի Անդրոպով (Չեռնենկոյին չհաշված) մշտապես խոսվել է ռեֆորմներ (հատկապես՝ տնտեսական) անելու անհրաժեշտության մասին։
Ստալինի ժամանակ Ստալինն ինքը կարող էր մտմտալ եւ, ինչպես հայտնի է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի պատմածից, անգամ կասկածի տակ առնել, ասենք, կոլտնտեսությունների արդյունավետությունը։ Բայց քանի որ առաջնորդը կանխատեսելի չէր, ու ոչ ոք չգիտեր՝ ինչն ինչի համար է ասում, չէին կարողանում հավանություն տալ կամ մերժել։
Հետագա (Խրուշչով, Բրեժնեւ, Անդրոպով) տարիներին ռեֆորմների մասին խոսակցությունները եղել են արդեն ինստիտուցիոնալ մակարդակներում։ Հեղինակավոր համալսարանների կամ Պետպլանի ինչ-որ ԳՀԻ-ի (գիտահետազոտական ինստիտուտ) աշխատակիցները համապատասխան ուսումնասիրություններ եւ ծրագրեր են պատրաստել, որոնք մնացել են թղթի վրա, իսկ մասնագետները՝ խաղից դուրս։
Համակարգը մի քանի տասնամյակ եղել է տեղեկացված անգործի (կամ որ ավելի ճիշտ է՝ անմեղսունակի) վիճակում, ապրել անընդհատ հետաձգման ռեժիմով։
Երբ Գորբաչովը եկավ ու սկսեց перестройка-ն (վերակառուցում), հասկանում էր, որ իր մի գրպանը գցել են հանցավոր այդ անպատասխանատվությունը, մյուսում, սակայն, շոշափում էր միլիոնավոր կուսակցականների եւ լոյալ անկուսակցականների նիհիլիզմը, որը նույն անպատասխանատվության արդյունքն էր։
Գորբաչովը ԽՍՀ Միությունը փրկելու նպատակ չուներ։ Ունենար՝ կփրկեր։ Զույգ գրպաններում շոշափելով իր նախորդների հանցավոր անպատասխանատվությունն ու մասսաների նիհիլիզմը՝ նա մտածում էր միայն մեկ բանի՝ փառքի մասին։ Դե, ամեն մեռնողի հետեւից չէ, որ ասում են՝ խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր։
Սա արտառոց բան չէ։ Այսպես եղել է մինչեւ Գորբաչովը, այսպես լինում է այսօր՝ մեր աչքի առաջ, երբ իրավահաջորդը մի գրպանում խաղացնում է ցարերի գցած մանրադրամը, մյուսում՝ նույն նիհիլիզմը, բայց մի քիչ ռազմահայրենասիրական։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։