Ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ Լեհաստանի նախկին վարչապետ, իշխող «Իրավունք եւ արդարություն» պահպանողական կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ երկրի կառավարությունը մտադիր է Գերմանիայից 1,3 տրիլիոն դոլարի փոխհատուցում ստանալ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Լեհաստան ներխուժման եւ բռնազավթման համար:
2010-ին Սմոլենսկի ավիավթարում զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու երկվորյակ եղբայրը զեկույց է ներկայացրել Գերմանիայի ներխուժման եւ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ բռնազավթմամբ պատճառած ֆինանսական վնասների մասին:
«Մենք կդիմենք Գերմանիային՝ փոխհատուցման շուրջ բանակցություններ սկսելու համար»,- հայտարարել է Կաչինսկին եւ հավելել, որ դա երկարատեւ եւ բարդ գործընթաց կլինի, բայց կավարտվի հաջողությամբ։
Հակագերմանական տրամադրություններ սրելու համար կառավարությանը մեղադրել է Լեհաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Դոնալդ Տուսկը: Ըստ նրա՝ Դուդայի կառավարությունը ձգտում է շահելու ընտրազանգվածի ձայները:
Բեռլինում էլ պնդում են, որ արեւելյան ճամբարի երկրները պատերազմից հետո փոխհատուցում են ստացել: Նշվում է նաեւ, որ այն տարածքները, որոնք Լեհաստանը կորցրել է սահմանների փոփոխության պատճառով, փոխհատուցվել են Գերմանիայի որոշ նախապատերազմական հողերով: Ուստի Գերմանիայի ղեկավարությունը հարցը փակ է համարում։