ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որի պաշտոնավարման ավարտին օրեր են մնացել, առաջարկել է Հայաստանում վերականգնել մահապատիժը։ Նա դիմել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին, որ քննարկեն պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքերը։ Ըստ դատախազի հիմնավորումների՝ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների ֆոնին առաջնային է դարձել այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացնելու հարցը։ Բացի այդ, ըստ դատախազի, ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն:
Ավելի ուշ դատախազությունից նաեւ պարզաբանել են՝ թեեւ Հայաստանը 2006 թվականի մայիսին ստորագրել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրությունը, սակայն այն չի վավերացրել։ Ընդ որում՝ փաստաթուղթը ստորագրած ԵԽ անդամ պետություններից Հայաստանը միակն է, որ չի վավերացրել այն։
Դատախազի առաջարկը միանգամից սուր քննադատության արժանացավ։ Մահապատժի վերականգնման առաջարկին դեմ արտահայտվեցին ո՛չ միայն իրավապաշտպանները, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներից ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարեց՝ անընդունելի է առաջարկն անգամ քննարկելը։ Հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Դանիել Իոաննիսյանը եւս բացառել է մահապատժի վերականգնման մասին որեւէ քննարկում՝ միաժամանակ նշելով, որ գիտի նաեւ խորհրդի ու հանձնաժողովի այլ անդամների մեծամասնության մոտեցումը։
Դատախազի առաջարկին հաջորդած կոշտ առաջարկն իհարկե սպասելի էր։ Եվ այս առումով Արթուր Դավթյանի այս քայլը, մեղմ ասած, տարօրինակ է։ Աղմկահարույց առաջարկով հանդես է գալիս մի մարդ, որի պաշտոնավարման ժամկետի ավարտին մոտ 10 օր է մնացել։ Մինչդեռ նա կարող էր հեռանալ անձայն՝ առանց աղմկոտ պատմության մեջ ներքաշվելու։
Եվ ուրեմն՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում գլխավոր դատախազն իր այդ քայլով։ Եթե նա չէր հաշվարկել նման հակազդեցությունը, ընդհակառակը՝ հույս ուներ իր հայրենասիրական ճառով դիվիդենտներ շահելու, ապա շտապենք հիասթափեցնել՝ միանգամայն հակառակ արդյունքը եղավ։ Չհաշված սոցցանցերում մի քանի լայքերը (ի վերջո անգիտակից խառնամբոխը միշտ էլ արյան ծարավ է)՝ մասնագիտական դաշտում որեւէ մեկը չողջունեց այս նախաձեռնությունը։
Ընդհակառակը՝ իրար հաջորդեցին քննադատություններն ու հակափաստարկները, որ մահապատժի թեմայով քննարկումն անգամ անընդունելի է, եւ բացի այդ, եթե անգամ մի կողմ թողնենք մարդու կյանքի անձեռնմխելիության հանգամանքը, ապա հարց է՝ ինչո՞ւ պետք է պատժի այս տեսակը կիրառել միայն պետական դավաճանության դեպքում, այլ ոչ թե, օրինակ, ահաբեկչական ակտ կատարելու կամ շատ այլ առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում, ինչպես նախկինում է եղել։
Մինչ այդ, զերծ մնալով իրավաբանության ոլորտում մասնագիտական քննարկումներից, մի քանի արձանագրում։
Չվավերացնելով ստորագրված փաստաթուղթը՝ Ռոբերտ Քոչարյանի, ապա՝ Սերժ Սարգսյանի, իսկ հիմա նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանություններն, այնուամենայնիվ, թողել են թեկուզ եւ փոքր սողանցք՝ այդպես չբացառելով ինչ–որ պահի մահապատժի վերադառնալու հնարավորությունը։ Այլապես անհասկանալի է, թե ինչու փաստաթղթի ստորագրումից 16 տարի անց այն դեռ չի վավերացվել։
Այս առումով պատահական չէր, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների նախնական տարբերակում իշխանություններն առաջարկում էին ամրագրել բացառիկ դեպքերում քաղաքացուն կյանքից զրկելու իրավունք։ Ըստ այդմ՝ առաջարկվում էր հետեւյալ ձեւակերպումը, որ «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետեւանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»։ Այն ժամանակվա իշխանությունները մի պահ փորձեցին բառախաղերի եւ զանազան ձեռնածությունների միջոցով սոփեստություն անել ու «հիմնավորել» այդ առաջարկը։ Սակայն քննադատությունների ճնշման ներքո կարճ ժամանակ անց ստիպված եղան հրաժարվել նման դրույթից․սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակում այս նախադասությունը հանվեց։
Նախորդ տարի իշխանությունները քրեականացրին վիրավորանքը՝ փորձելով այն հիմնավորել ատելության խոսքի զսպման անհրաժեշտությամբ։ Դրանից հետո քրեական գործերի շարք սկսվեց։ Սակայն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունների ճնշման ներքո իշխանությունները նահանջեցին ու կրկին ապաքրեականացրին այդ արարքը։ Այնպես որ, միջազգային հանրությունից շատ ավելի կոշտ քննադատություն կարող է հնչել նաեւ այս դեպքում, մանավանդ, երբ Հայաստանը մահապատժից հրաժարվեց ԵԽ պահանջով՝ կառույցին անդամակցելուց հետո։ Այնպես որ, ԵԽ–ն չի ընդունի մերժված այդ պատժատեսակին վերադառնալու փորձերը։
Ի դեպ, այս աղմուկից հետո պարզ դարձավ, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրությունը չվավերացնելով՝ Հայաստանը մահապատժին վերադառնալու սողանցք է թողել։ Հիմա գնդակն իշխանության դաշտում է․ կառավարությունը, խորհրդարանը հնարավորություն ունեն վերջնականապես փակելու հարցը։ Իշխանությունը, որ քաղաքացուն հռչակել է բարձրագույն արժեք, որին սիրում եւ որի առաջ խոնարհվում է (ճառերում, իհարկե), պետք է վավերացնի արձանագրությունը՝ այդպես վերացնելով իրավական սողանցքները, այլապես այս իրավիճակի շարունակությունը նշանակում է, որ դեմ են մարդու կյանքի իրավունքի բացարձակ անձեռնմխելիությանը։
Դատելով իշխանությունների գործելաոճից՝ մեծ հույսեր չպետք է ունենալ․ ի վերջո իշխանությունը վայրկյան անգամ աչք չթարթեց, երբ մարդկանց տանում էր կործանարար պատերազմի (կարեւորը՝ իրենց դավաճան չասեն)։ Իսկ հետո խոստովանեցին՝ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի»։ Հիմա նրանք առանձնապես դեմ չեն նաեւ իրենց «բացահայտած» դավաճաններին տանելու «կախաղան»․չէ՞ որ այս իշխանությունն իրեն համարում է իրավիճակի պատասխանատուն, բայց ոչ թիվ մեկ մեղավորը։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: