Մեծ Բրիտանիայում Բուքինգհեմյան պալատից հայտարարել են, որ թագուհի Եղիսաբեթ 2-րդը նոր վարչապետին կնշանակի ոչ թե Լոնդոնում, ինչպես դա սովորաբար տեղի էր ունենում ըստ հաստատված ավանդույթի, այլ իր շոտլանդական կեցավայր Բալմորալ դղյակում, ուր սեպտեմբերի 6-ին կուղեւորվեն նորընտիր վարչապետն ու պաշտոնը թողնող Բորիս Ջոնսոնը։
Ինչ է ասում պետական ավանդույթը
Իր՝ արդեն յոթանասնամյա գահակալության ընթացքում թագուհին բրիտանական նոր կառավարությունների ղեկավարների նշանակումը կատարել է Լոնդոնում՝ նրանց ընդունելով Բուքինգհեմյան պալատում։ Սեպտեմբերի 6-ին, ի դեպ, թագուհին կկատարի իր գահակալության ընթացքում կառավարության 15-րդ ղեկավարի նշանակումը։
Ինչ է տեղի ունենալու այդ օրը
Համաձայն ընդունված արարողակարգի՝ թագուհու եւ նորընտիր վարչապետի հանդիպման նախորդ օրը Բալմորալ դղյակում հայտարարվելու է, թե ով է ընտրվել իշխող Պահպանողական կուսակցության նախագահ՝ Լիզ Տրա՞սսը, թե՞ Ռիշի Սունակը։ Պահպանողական կուսակցության ընտրված նախագահն էլ կդառնա Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը։
Մինչ նորընտիր վարչապետը կհանդիպի բրիտանական միապետուհու հետ, տեղի կունենա միապետուհու եւ հեռացող վարչապետի հանդիպումը։ Այդ հանդիպման ընթացքում Բորիս Ջոնսոնը կհայտարարի թագուհուն իր հրաժարականի մասին։ Դրանից կարճ ժամանակ անց էլ կանցկացվի Եղիսաբեթ 2-րդի եւ նորընտիր վարչապետի տեսակցությունը, որի ընթացքում թագուհին նրան կնշանակի բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնում եւ կհանձնարարի ձեւավորել նոր կաբինետ։
Ինչու է խախտվում ընդունված արարողակարգը
Բանն այն է, որ թագուհին հիմա շոտլանդական իր կեցավայր Բալմորալ դղյակում թագավորական ընտանիքի անդամների ու հյուրերի հետ անցկացնում է ամառային արձակուրդը։ Սովորաբար նա Բալմորալում մնում է օգոստոսից մինչեւ հոկտեմբեր։
Բրիտանական միապետուհին արդեն 96 տարեկան է, ունի առողջության որոշակի, ներառյալ շարժունակության խնդիրներ, այս տարվա փետրվարին կորոնավիրուսային հիվանդություն է հաղթահարել։
Առողջական վիճակով պայմանավորված՝ նա բաց է թողել մի շարք կարեւոր պետական եւ արարողակարգային միջոցառումներ, ինչպիսիք են խորհրդարանի նոր նստաշրջանի բացումը, իր պլատինե հոբելյանի պատվին համերգը, իրեն նվիրված ձիարշավի մրցումները։
Թագավորական պալատում ընդունված ավանդույթը խախտելու մասին որոշումը կայացրել են, որպեսզի Բալմորալից Լոնդոն կարճատեւ վերադարձի անհարմարություններից եւ առողջության հնարավոր խնդիրներից միապետուհուն զերծ պահեն եւ դրանով նաեւ նոր վարչապետի համար իր ծրագրերում հնարավոր փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չստեղծեն։
Էլ ինչ է հայտնի այս ավանդույթի մասին
Պաշտոնապես Մեծ Բրիտանիայում պետության գլուխը միապետն է՝ թագավորը կամ թագուհին, եւ վարչապետը ղեկավարում է Նորին Մեծության կառավարությունը։
Դեռեւս Վիկտորիա թագուհու ժամանակներից (1837-1901) բրիտանական բոլոր վարչապետները, բացառությամբ մեկի, նշանակվել են Բուքինգհեմյան պալատում։ Այս ավանդույթը խախտել է միայն Հերբերթ Արթուր Ասքվիթը, որը նշանակում ստանալու համար 1908 թվականին ստիպված էր մեկնել Էդուարդ 7-րդ թագավորի մոտ՝ ֆրանսիական Բիարից քաղաք։
Իրականում հատուկ սահմանադրական նորմեր այն մասին, թե կոնկրետ որ վայրում պետք է նշանակվի բրիտանական վարչապետը, գոյություն չունեն, եւ այստեղ խոսքը միայն ընդունված ավանդույթի մասին է, որից էլ կարելի է «փոքրիկ շեղում» թույլ տալ։
Նոր վարչապետի նշանակումը բրիտանական միապետի բացարձակ իրավունքն է, որը նա իրականացնում է միաձնյա։ Նա որեւէ մեկի հետ չի խորհրդակցում Համայնքների պալատում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի ղեկավարին իր մոտ հրավիրելու եւ նրա վրա նոր կառավարություն ձեւավորելու պարտականությունները դնելու համար, որով էլ ըստ էության նրան նշանակում է վարչապետ։ Սովորաբար միապետը հարցնում է, թե արդյոք Համայնքների պալատում բացարձակ մեծամասնություն կազմող ուժի ղեկավարը պատրաստ է ձեւավորելու նոր կաբինետ։
Այս արարողությունը երբեք չի ցուցադրվում հեռուստատեսությամբ։
Վարչապետի նշանակումից հետո թագավորական պալատը տարածում է հայտարարություն, որտեղ նշվում է, որ «վարչապետը համբուրել է միապետի ձեռքը նշանակման ժամանակ»։ Սա, ի դեպ, էլի մաս է կազմում բրիտանական պետական արարողակարգի։ Իրականում տեղի է ունենում ձեռքսեղմում, եւ վարչապետը միապետի ձեռքը համբուրում է Գաղտնի խորհրդի նիստի ժամանակ, սակայն ավանդույթի ուժով հայտարարության մեջ այդ ձեւակերպումն է արձանագրվում։
BBC
Թարգմանությունը՝ Արման Գրիգորյանի