Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալդաոն եւ Ադամ Շիֆը Արցախի անկախության 31-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ են հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:
Կոնգրեսականներն իրենց ուղերձում աջակցություն են հայտնել արցախցիներին: Նրանք նշել են, որ բոլոր հասանելի դիվանագիտական գործողություններով Նահանգների կառավարությանը մղում են նշանակալի աջակցություն հատկացնել Արցախից տեղահանված եւ Հայաստանում հաստատված ընտանիքներին, ինչպես նաեւ նրանց, «ովքեր քաջաբար մնում են Արցախում այդ մահաբեր հարձակումներից հետո»:
Ըստ ԱՄՆ կոնգրեսականների՝ այս հակամարտությունն ընդգծում է նախագահ Ալիեւի վրա միջազգային դերակատարների ճնշում գործադրելու խիստ անհրաժեշտությունը:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները կարեւորել են «Արցախի ժողովրդի ուղիղ մասնակցությունը երկրի տարածքային ամբողջականության, միջազգային կարգավիճակի եւ կայուն ու տեւական խաղաղության վերաբերյալ բանակցություններին»:
«Շարունակում ենք հավատարիմ մնալ Միացյալ Նահանգների կառավարության եւ Ձեր վարչակազմի միջեւ պաշտոնական փոխգործակցության հաստատմանն աջակցելուն եւ անհամբերությամբ սպասում ենք Ձեզ հետ աշխատանքին Արցախի վերափոխման ուղղությամբ: Եվս մեկ անգամ ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները այս կարեւոր օրվա առթիվ: Մենք ամբողջապես աջակցում ենք ձեր երկրին»,- ասված է կոնգրեսականների ուղերձում: