«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով չհավատալ ընկերության անունից սոցիալական հարթակներում տարածվող կեղծ լուրերին։ Ըստ հայտարարության՝ սոցիալական ցանցերի միջոցով տարածվող կեղծ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում եւ որեւէ առնչություն չունեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ:
Սոցիալական ցանցերում, մասնավորապես` Ֆեյսբուքում, արդեն մի քանի օր է, ինչ կեղծ օգտահաշիվների միջոցով ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում ներդրումներ կատարելու «Գազպրոմ Արմենիա» ընկերության ակտիվներում։ Փոխարենը կեղծարարները ներդրողներին անհավանական եկամուտ են խոստանում` ամսական սկսած 1,5 միլիոն դրամից։
Համացանցային խարդախությունները վերջին շրջանում մեծ տարածում են գտել Հայաստանում։ Այս առիթով ՀՀ իրավապահ համակարգը մի քանի անգամ արդեն հայտարարություն է տարածել` քաղաքացիներին կոչ անելով չվստահելու նման հայտարարություններին ու այլ անձանց չտրամադրել իրենց բանկային քարտերի, փաստաթղթերի ու անձնական այլ տվյալներ։