Ըստ ամերիկյան Politico պարբերականի՝ Վաշինգտոնը բացասաբար է ընդունել Թեհրանի պատասխանը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) վերականգնելու բանակցություններում արեւմտյան մասնակիցների առաջարկներին:
«Մենք ուսումնասիրում ենք Իրանի արձագանքը, բայց դա ամենեւին էլ հուսադրող չէ»,- ասել է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան: Սակայն նա հրաժարվել է մանրամասնելուց, թե ինչ են առաջարկել իրանցիները:
Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչները ներկայացրել էին համաձայնագրի, իրենց բնորոշմամբ, «վերջնական տեքստը», սակայն Իրանը մտահոգություն էր հայտնել դրա որոշ կետերի առնչությամբ: ԱՄՆ-ը նույնպես հանդես է եկել իր հակաառաջարկներով։ Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ ԵՄ-ում Իրանի արձագանքը Բրյուսելի առաջարկած՝ ԳՀՀԾ-ի վերականգնման վերաբերյալ նախագծին դրական են ընդունել։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ համաձայնության կարելի է հասնել, եթե ԱՄՆ-ը «իրատեսորեն մոտենա պատժամիջոցների եւ Իրանի որոշ մտահոգությունների վերացմանը»։
Politico-ն գրում է, որ մոտենում են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, եւ «հնարավոր է, որ ԳՀՀԾ-ի բանակցությունները կանգ առնեն մինչեւ նոյեմբերին այդ մրցավազքի ավարտը»: