Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը հայտնել է, որ Նորաբակի մոտակա սարում բռնկված հրդեհի պատճառն ադրբեջանցիներն են, որոնք անիվներ են այրել ու գլորել ձորը։ Ըստ նրա` երեկվանից չի հաջողվում հրդեհը մարել։
«Հրդեհը բռնկվել է ադրբեջանցիների դիրքերի մոտից երեկ՝ ժամը 12-ին։ Մենք տեսել ենք, թե նրանք ինչպես են անիվները վառում ու գլորում ձորը»,– նշել է Ասատրյանը։
Ըստ Ասատրյանի` քամին հակառակ ուղղությամբ է փչում ու կրակը տանում է հիմնականում դեպի այն կողմ, որը թշնամու վերահսկողության տակ է։ Չնայած դրան՝ նրանք ոչինչ չեն անում հրդեհը մարելու ուղղությամբ։
«Այսինքն՝ հանգցնելու հնարավորություն չկա։ Մեր հրշեջ-փրկարարներն ուղղակի այդ տարածքին մոտենալ չեն կարող, վտանգավոր է։ Կրակը դեպի գյուղ պետք է գա, որ հնարավոր լինի ինչ–որ բան անել»,- շեշտել է գյուղի վարչական ղեկավարը։
Ասատրյանը հավելել է, որ այդ հատվածին կից խոտհարքներից չեն հասցրել խոտն ամբողջությամբ հնձել, եւ եթե կրակը հասնի խոտին, գյուղացիները դրանից էլ կզրկվեն։
Սեպտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդենիս քաղաքի մոտակա սարում հրդեհ է բռնկվել։ Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Նորաբակ եւ Ներքին Շորժա գյուղերի մոտակա սարում։ Դեպքի վայր էր ժամանել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։