Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Եվրամիության ընդլայնման գործընթացը մղվելու է երկրորդ պլան, իսկ ԵՄ օրակարգը ձեւավորվում է քաղաքական նեղ շահերով։
Ըստ նրա՝ ԵՄ-ի ընդլայնումը երբեմնի ամենահաջողված քաղաքական նախաձեռնություններից մեկն էր։
«Ժամանակակից Եվրամիությունը պարփակվեց իր մեջ, եւ նեղ քաղաքական շահերը կլանեցին ընդլայնման օրակարգը։ Ոչ ոք, օրինակ, չի կարող բացատրել՝ ինչու են Ալբանիան եւ Հյուսիսային Մակեդոնիան այդքան երկար սպասում ԵՄ-ին անդամակցելուն»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
Թուրքիան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրել է 1963-ին, անդամակցության հայտ է ներկայացրել 1987-ին։ Սակայն անդամակցության բանակցությունները սկսվել են միայն 2005-ին, որոնք տարաձայնությունների պատճառով բազմիցս դադարեցվել են։