ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին հորդորում է սադրիչ քայլերի չդիմել եւ Ուկրաինային հեռահար համակարգեր չմատակարարել։
«Այդ ճանապարհը որեւէ տեղ չի տանի։ Հետեւանքները ծանր կլինեն, դրա պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Վաշինգտոնի իշխող շրջանակների ուսերին»,– ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Ռյաբկովը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության կողմ դառնալուց ԱՄՆ–ին շատ փոքր գիծ է բաժանում։ Նա հավելել է, որ Մոսկվան բազմիցս նախազգուշացրել է Վաշինգտոնին հետեւանքների մասին: Ռյաբկովը չի բացառում, որ ԱՄՆ-ն, Ուկրաինային զինելով եւ Կիեւին անմիջական օգնություն տրամադրելու այլ ձեւերում ներգրավվելով, իրեն այնպիսի վիճակի մեջ է դնում, որ նրան լիովին կարելի է հակամարտության կողմ անվանել։
«Այն նուրբ գիծը, որը բաժանում է ԱՄՆ-ին հակամարտության կողմ դառնալուց, չպետք է պատրանք լինի հակառուսական տրամադրվածություն ունեցող սանձարձակ ուժերի համար, թե այդ սահմանը հատելու դեպքում ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա»,– զգուշացրել է փոխարտգործնախարարը։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա է հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով կրակի հետ են խաղում։
Հարցին՝ ո՞ր դեպքում Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, ՌԴ փոխարտգործնախարարը պատասխանել է, որ եթե ՌԴ-ի կամ դաշնակիցների դեմ զանգվածային ոչնչացման կամ սովորական սպառազինությունների զենք կիրառվի կամ սպառնալիքի տակ դրվի պետության գոյությունը։
Նա հավելել է, որ ռուսական ռազմական դոկտրինը, ինչպես նաեւ «Միջուկային զսպման բնագավառում պետական քաղաքականության հիմունքները» սպառիչ կերպով շարադրում են բոլոր սցենարները, որոնց դեպքում տեսականորեն հնարավոր է ՌԴ-ի կողմից միջուկային զենքի կիրառումը: