ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ՄԱԿ Քաղաքական եւ խաղաղաշինության հարցերով վարչության Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Ամերիկաների հարցերով Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ փոխտեղակալի այցը լավ հնարավորություն է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները եւ առկա խնդիրների հասցեագրման գործում ՄԱԿ-ի ներգրավվածության հեռանկարները քննարկելու համար։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ, խոսել միջնորդական մանդատ ունեցող միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտությունը կարգավորելու մասին:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար խնդիրներին՝ Միրզոյանը կարեւորել է ՄԱԿ-ի համապատասխան մարմինների տեղում անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը՝ հետեւելով նաեւ ՄԱԿ-ի «չանտեսելով ոչ ոքի» սկզբունքին:
ՀՀ արտգործնախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի, անհայտ կորած անձանց եւ բռնի անհետացածների ճակատագրերի պարզաբանման կարեւորությունը։