Մանկության տարիների անջինջ հիշողություններիցս մեկը կապված է զինվորականի հետ։ Մեր թաղում ծեր ամուսիններ էին ապրում։ Նրանց կրտսեր որդին, ասում էին, զինվորական է, Գերմանիայում է ծառայում։ Մի ամառ ընտանիքով եկավ։ Ուրախ-զվարթ, մի քիչ հարբեցող երիտասարդ տղամարդ էր։ Իրենց այգում կամ Տնջրեն աղբյուրի մոտ հասակակիցների հետ խնջույքի էր նստում շատ գրավիչ մարզահագուստով, իսկ հյուր կամ գյուղական ակումբ՝ հնդկական կինոյի գնալիս, հագնում էր սպայական համազգեստ։ Եվ միանգամից փոխվում էր նրա անգամ քայլքը։
Թաղի տղաներիս հատկապես հրապուրում էին կապիտանի ուսադիրները։ Մեր պատկերացումներում նա շա՜տ հեղինակավոր, նույնիսկ հերոսական մարդ էր։ Մանավանդ որ ծառայում էր Գերմանիայում եւ երբ Բեռլինի մասին խոսելիս առանձնահատուկ շեշտադրում էր, իհարկե՝ ռուսերեն, որ Բրանդենբուրգյան դարպասների մոտ լուսանկար ունի՝ պատվո պահակախմբում, մեզ այնպես էր թվում, թե նա Ռայխստագը գրավածներից մեկն է։
Այդ կամ հաջորդ տարի գյուղական դպրոցի բակում հանդիպում էր կազմակերպվել համագյուղացի մեկ այլ կապիտանի հետ։ Նա հայերեն չէր խոսում, մոռացել էր նաեւ տեղական բարբառը, եւ մենք միայն հասկացանք, որ ծառայում է Հեռավոր Արեւելքում, սահմանապահ է, հսկում է, որ թշնամիները չխաթարեն Խորհրդային Միության անդորրը։ Մարդը գյուղից հեռանալուց տասը կամ քսան տարի հետո եկել էր մորը տեսության, առիթն օգտագործել՝ ռազմահայրենասիրական դաս էին կազմակերպել։ Եվ դարձյալ տպավորությունը ցնցող էր, սահմանապահ զորքերի հատուկ համազգեստի հանդեպ հարգանքը՝ էլ ավելի խորը։
Վերջերս կառավարությունը որոշեց զինվորական համազգեստը կենցաղում օգտագործելու համար տուգանք սահմանել։ Շատ ճիշտ քայլ է։ Համազգեստի պատիվը պետք է պետականորեն պաշտպանված լինի, ոչ թե այնպես, որ գեներալն իր գոմշաֆերմայի պահակին բանակային կոշիկներ, բուշլատ հագցնի։ Առաջին պատերազմից հետո Արցախում աշխատանքային ամենատարածված արտահագուստը բանակայինն էր։ Այսօր էլ քիչ բան է փոխվել։
Բայց հիմնական ասելիքս դա չէ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի զինվորական կոչումը գեներալ-մայորի էր։ Նույն պաշտոնում ՊԲ ներկայացուցիչը գնդապետ է, նրա նախորդը՝ նույնպես։ Ո՛չ գործողն ունի ռազմական կրթություն, ո՛չ նախորդը։ Երկուսն էլ գրող-բանաստեղծ-ժուռնալիստ են։ Նրանք, իհարկե, արժանավոր մարդիկ են։ Բայց ո՞վ է սահմանել, որ ՊԲ մամուլի խոսնակի պաշտոնին գնդապետի զինվորական կոչումն է համապատասխան։ Որեւէ բան չէր փոխվի, եթե առավելագույն շեմ սահմանվեր, ասենք, մայորի կոչումը։
Նրանք կամ մեկու րիշը նույն բարեխղճությամբ կկատարեին իրենց ծառայողական պարտականությունները, մինչեւ կգար թոշակի տարիքը։ Եվ համազգեստի պատիվը կպաշտպանվեր։ Ոչ թե ինչպես այսօր է։ Ուր եւ ում նայես, առնվազն փոխգնդապետի աստղերով է՝ բանակում, ոստիկանությունում, ԱԻՊԾ-ում։ Արցախը, երեւի, հազար բնակչի հաշվով ամենաշատ գեներալ ունեցող երկիրն է ամբողջ աշխարհում։
Զինվորական կոչումներ են շնորհվել նաեւ ոչ բանակային անձանց։ Նրանցից ոմանք հաճախ հպարտանում են, թե Հայկական բանակի գնդապետ են։ Որ ծառայությունների համար՝ հայտնի չէ։
Օրերս մի երիտասարդ սպա պատմեց, որ արտերկրում ռազմական բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադարձել է ՊԲ եւ յո՜թ տարի դասակի հրամանատար ծառայել հեռավոր զորամասերից մեկում։ Բանակի մարտունակության, անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության վրա նման դեպքերը հետք չե՞ն թողել։ Թողել են, այն էլ շա՜տ խոր։ Բանակի վերակառուցումը, երեւի, պետք է սկսվի համազգեստի պատվի վերահաստատումից։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։