Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտ կատարած այցը՝ պնդելով, թե այն «Հայաստանի հերթական սադրանքն» է եւ վտանգում է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերը:
Հայաստանի ԱԽ քարտուղարի այցն Արցախ Ադրբեջանի ԱԳՆ-ն գնահատել է իբրեւ «ապօրինի քայլ», որը ՀՀ պաշտոնատար անձը ձեռնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում անցկացված հանդիպումից անմիջապես հետո, ինչը «ոչ միայն ստվերում է հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, այլեւ ակնհայտորեն ցույց է տալիս կարգավորման գործընթացում Հայաստանի անկեղծ չլինելը»:
Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ պաշտոնական Բաքվում համարում են, որ այդ այցը վկայում է՝ Հայաստանի հայտարարությունները՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու վերաբերյալ, «հեռու են անկեղծ լինելուց», պաշտոնական Երեւանը «չի հարգում նաեւ միջազգային միջնորդների ջանքերը»:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը վստահեցրել է, որ «միջազգային սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ձեռնարկվող բոլոր քայլերին պատասխան կտրվի:
Արցախի Անկախության օրվա առթիվ պաշտոնական Երեւանը պատվիրակություն չէր գործուղել Ստեփանակերտ, իսկ օրվա ավարտին Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, որ այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն եւ ծաղիկներ դրել: