ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ որոշ շահարկումների առնչությամբ մեկնաբանություն է արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
ՀՀ արտգործնախարարը մասնավորապես նշել է, որ հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի առաջարկած հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է: Նա կրկնել է, որ 2022-ի մարտի 10-ին Ադրբեջանի փոխանցած հինգ առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա:
«Այլ բան է, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցած մեր պատասխանով մենք լրացրել ենք օրակարգը եւ հետեւաբար այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների շարունակությանը»,- շեշտել է Միրզոյանը:
Նա հավելել է, որ սա եւս մեկ անգամ վերահաստատվել է Բրյուսելում տեղի ունեցած վերջին քննարկումների ընթացքում: Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ այս տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ։
«Ավելին` բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները եւ պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածել, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը եւ ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը»,- ընդգծել է ՀՀ արտգործնախարարը: