Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումներին մասնակցել պատրաստվող 56 ռուսաստանցի դիվանագետների ԱՄՆ մուտքի վիզաները մերժվել են։ Համապատասխան թույլտվություն չի տրվել նաեւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
«Սա հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ իշխանությունները պարբերաբար մերժել են մուտքի վիզաներ տրամադրել մի շարք ռուսաստանցի պատվիրակների, որոնց մենք ուղարկում ենք մասնակցելու ՄԱԿ-ի պաշտոնական միջոցառումներին»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Նեբենզյայի հղած պաշտոնական նամակում:
Ըստ 1947-ի ՄԱԿ-ի «կենտրոնակայանի համաձայնագրի»՝ Միացյալ Նահանգները պարտավոր է օտարերկրյա դիվանագետներին մուտքի թույլտվություն տրամադրել ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար: Վաշինգտոնը, սակայն, հայտարարել է, որ կարող է մերժել «անվտանգության, ահաբեկչության եւ արտաքին քաղաքականության» նկատառումներով: