Իրանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության մարքեթինգի եւ զբոսաշրջության զարգացման բաժնի ղեկավար Լեյլա Աժդարին հայտնել է, որ Իրանն ու Ռուսաստանը 2023-ի հունվարից կչեղարկեն խմբային վիզաներն իրենց զբոսաշրջիկների համար։
«Հիմք ընդունելով Իրանի եւ Ռուսաստանի կառավարությունների՝ նախկինում ստորագրած եւ համաձայնեցրած փաստաթուղթը՝ 2023 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի քաղաքացիների համար խմբային (5-50 հոգուց բաղկացած խմբեր` 15 օր ժամկետով) վիզայի կարիք չի լինի»,- ասել է Աժդարին։
2017-ին Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարները երկու երկրների կառավարությունների միջեւ համաձայնագիր են ստորագրել իրենց քաղաքացիների համար խմբային վիզաների վերացման մասին։ 2018 -ին պայմանագիրը պետք է ուժի մեջ մտներ, սակայն 2021-ի հունիսին այս համաձայնագրի նախագիծը կրկին ստորագրվեց համապատասխան գերատեսչությունների միջեւ, բայց կյանքի չկոչվեց։