Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ սեպտեմբերի 5-ին Մոսկվայի դատարանը չեղարկել է Ռուսաստանի անկախ մամուլի առաջատարներից մեկի՝ 1990-ականների սկզբին հիմնադրված «Նովայա գազետա» պարբերականի արտոնագիրը՝ փաստացի արգելելով հրատարակվել Ռուսաստանում։
Ըստ «Ռոսկոմնադզորի» հայցով հարուցված գործի՝ 2006-ին պարբերականը փաստաթղթեր չէր տրամադրել սեփականատիրոջ փոփոխության մասին։
«Նովայա գազետայի» գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը ներկա էր դատարանի նիստին, որից հետո ասել է` որոշումը «պատվիրված է եւ քաղաքական»։ Ըստ նրա՝ դատարանի որոշումը օրինական նվազագույն որեւէ հիմք չունի։ «Մեզ դատում են, իբր 20 տարի առաջ ինչ-որ փաստաթղթեր չենք տրամադրել, թեեւ ամեն ինչ տրամադրվել էր»։
Խոսքի ազատությունը պահպանելու ջանքերի համար 2021-ին նոբելյան մրցանակի արժանացած Մուրատովն ասել է, որ մինչեւ վերջ գնալու են, մնալու են օրինական դաշտում, բողոքարկելու են վճիռը, արդյունքը մոտավորապես պարզ է՝ դատավճիռն արդեն գրված է, մնում է հրապարակելը։
Ավելի վաղ՝ անցած մարտի վերջին, ռուս-ուկրաինական պատերազմի մասին Մոկվայի պաշտոնական տեսակետին չհամապատասխանող հրապարակումների համար «Ռոսկոմնադզորի» մի շարք նկատողություններից հետո «Նովայա գազետան» ստիպված էր դադարեցել գործունեությունը։